«Զարթնի՛ր աշխարհ». մի խումբ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Այն, որ Թուրքիան իր մասնակցությունն ունի արցախաադրբեջանական հակամարտության շփման գծում տեղի ունեցող գործողություններում, դա գաղտնիք չէ:
Հայաստանի հանրապետության Պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ փաստեր ունի, իսկ Ֆրանսիան և Ռուսաստանը կոչ են անում Թուրքիային հեռու մնալ և չխառնվել։
Հենց այս թեմայով, մի խումբ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Նրանք կոչ էին անում աշխարհին ճանաչել հայոց ցեղասպանությունն ու կանխել տարածաշրջանում հերթական ցեղասպանության իրականացման փորձը.
«Այս կոնֆլիկտում Ադրբեջանը նույնպես զոհ է, Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին՝ մեկ մեծ Թուրքիա ունենալու նպատակով», -ասում է ակցիայի կազմակերպիչ, բժիշկ Արամայիս Գալումյանը։
Երիտասարդների կոչը նաև ուղղված էր ադրբեջանցի և տեղի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ մայրերին. «Զերծ պահեք ձեր զավակներին Էրդողանի մսաղացում հայտնվելուց։ Էրդողանը մեր ժամանակների Հիտլերն է, նրա ղեկավարած Թուրքիան ագրեսիա է դրսևորում մի շարք ժողովուրդների նկատմամբ, և ինչպես Հիտլերի դեմ էին ժամանակին պայքարում, այժմ պետք է պայքարել Էրդողանի դեմ»,-նշում է Գալումյանը։

Սիմոն Հովհաննիսյան