Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետը միանշանակ նաև միջազգային հանրության պատասխանատվության տակ է լինելու. ԱՀ ՄԻՊ

Արցախ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեց, որ մի քանի փաստի անդրադառնալով ամփոփում է օրը. «Ամենակարևոր արձանագրումն այն է, որ այսօր Ստեփանակերտը առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել: Նաշքան այդ էլ հարվածներ ստացել է, բայց դրանք այս տրամաչափի զենքերից չեն եղել»:
Հակառակորդի կողմից ԱՀ ԱԻՆ շենքն էլ է այսօր դիտավորյալ թիրախավորվել.«Հրթիռի դիպուկությունն էլ դա է վկայում: Նախնական տվյալներով կան յոթ վիրավորներ ծառայության աշխատակիցների և բնակչության շրջանում, մի քանիսը բավականին ծանր վիճակում են գտնվում»:
Ըստ ՄԻՊ-ի սա պատերազմական հանցագործություն է և խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը. «Միջազգային հանրությունն այստեղ լուրջ անելիք ունի, հակառակ դեպքում Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետը միանշանակ նաև միջազգային հանրության պատասխանատվության տակ է լինելու»:
Երեկոյան Ադրբեջանը երեք հրթիռ արձակեց Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, որի հետևանքով տուժել են քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական օբյեկտներ. «Կա առնվազն չորս վիրավոր, առկա է նաև զոհ, սպասում ենք տվյալների, կհայտնենք վաղը»:
ՄԻՊ-ը անդրադարձավ նաև բնակելի շենքերին, որոնք ևս թիրախավորվել են, բայց բարեբախտաբար լուրջ տուժածներ չկան. «Ադրբեջանն այս ամենն իրոք դիտավորյալ է անում, ընդ որում բավականին ծանր հրթիռային համակարգերով, որոնց ազդեցությունը մեծ է և ավերիչ կարող է լինել քաղաքացիական բնակչության համար»:
Բեգլարյանն անդրադարձավ Մարտակերտում լրագրողներին տեղափոխող մեքենային, որը թիրախավորվել էր.«Կար նյութական վնաս, բայց տուժածներ չկան»:
Բացի այս դրվագներից, օրվա ընթացքում մի շարէ այլ բնակավայրեր էլ են թիրախավորվել, բայց վնասները շատ չեն. «Ծանր հրետանին թիրախավորել է Մարտունի քաղաքը, Հադրութը»:
Այս ամենի մեկ այլ ասպեկտ է քաղաքացիական բնակչությանն ահաբեկումը, որը ևս Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է. «Ադրբեջանը պետք է պատշաճ վարք դրսևորի»:

Իննա Թումանյան