Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է հումանիտար գործառույթ իրականացնող կառույցի թիրախավորումը Ադրբեջանի կողմից
Ադրբեջանական զինված ուժերը, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, դիտավորյալ, ուժգին և թիրախային կերպով հարվածել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Մասնավորապես, Ադրբեջանի կողմից թիրախավորվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, որն իրականացնում է փրկարար ու մարդասիրական գործունեություն:
Նախնական տվյալներով՝ դիտավորյալ ու հասցեական թիրախավորման արդյունքում կան վիրավորված քաղաքացիական անձինք և մեծածավալ նյութական վնասներ: Տվյալները ճշտվում են:
Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և պետական մարմինների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է վարում՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ներառյալ՝ կատարելով պատերազմական ծանրագույն հանցագործություններ:
Մինչև այս միջադեպը, Ադրբեջանը կիրառել է կասետային հրթիռներով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Հադրութ քաղաքի քաղաքացիական նշանակության օբյեկտների վրա, որի արդյունքում վիրավորվել է երեք անձ: Սա այս օրերին քաղաքացիական նշանակության օբյեկտների դեմ կասետային զենքի կիրառման առաջին դեպքը չէ, ինչը նույնպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր իրագործվող պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության այսօրվա թիրախավորումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին հստակ գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին՝ պաշտպանելով Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքները: Միջազգային հանրությունն ուղիղ պատասխանատվություն է կրում իրականացվող հանցագործությունների հետևանքների համար, և պետք է բացառվի Արցախի քաղաքական կարգավիճակով պայմանավորված խտրականությունն ու անտեսումն Արցախի բնակչության հանդեպ:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: