«Արձանագրել ենք կասետային ռումբերի կիրառման դեպքեր, որոնք միջազգային նորմերով արգելված են». ԱՀ ՄԻՊ
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ և 60 ավելի վիրավորներ, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածքներով։
Ըստ նրա վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը վիրավոր է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում։
Ադրբեջանական հրետակոծության արդյունքում տուժել են նաև դպրոցները.
«Հրետակոծությունների ժամանակ առանձնակի հարվածի տակ են եղել ճանապարհները։ Եվ ճանապարհներին ևս մարդիկ վիրավորվել են։ Սա ևս լավ նյութ է՝ վերլուծելու Ադրբեջանի հասցրած հարվածների մոտիվացիան»:
Բեգլարյանը նշել է, որ իրենց փաստահավաք աշխատանքի արդյունքում արձանագրել են կասետային ռումբերի կիրառման դեպքեր, որոնք միջազգային նորմերով արգելված են։
ԱՀ ՄԻՊ-ը առանձնացրել է մի քանի եզրահանգումներ.
Մի քանի եզրահանգումներ ունենք.
1.Ադրբեջանական ԶՈՒ-ն մինչև այս պահն իրականացնում է քաղաքացիական բնակչության և օբյեկտների միտումնավո՛ր թիրախավորում։
2.Ադրբեջանի կողմից խախտվում է ԱՀ բնակչության կյանքի իրավունքը։
3.Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության ներքո գտնվող մեր զինծառայողների դիակները վտանգի մեջ են։ Դա ցույց է տվել Ապրիլյան պատերազմի փորձը, երբ մեր զինծառայողների դիակները գլխատում էին կամ մասնատում: Հետո էլ Ալիևը պարգևատրում էր այդ ոճրագործներին:
4. Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերջին օրերի վայրագությունները բավականին խորքային կերպով հենված են պետական հայատյացության քաղաքականության վրա։
5. Ադրբեջանն ինտենսիվ կերպով կիրառում է արգելված զինատեսակներ և պատերազմի վարման արգելված մեթոդներ։ Արդեն Հհ և ԱՀ պաշտոնական տարբեր աղբյուրներով և միջազգային լրատվամիջոցների օգնությամբ ունենք որոշակի փաստեր, որ Ադրբեջանում մեր դեմ կռվում են սիրիացի վարձկաններ։ Ըստ այսմ տարածաշրջանում առկա է հումանիտար ճգնաժամի վտանգ։
6. Ադրբեջանը լայնորեն կիրառում է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ահաբեկման մեթոդաբանությունը։
7. Ռազմական ագրեսիան մեկնարկել և շարունակվում է կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ հակառակ միջազգային հանրության զսպող կոչերին։
8. Տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են ներքին տարհանվածներ՝ փախստականներ։
Իննա Թումանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: