«Լրագրողները թիրախավորվել են, չնայած նրան, որ ունեցել են հատուկ տարբերանշաններ և արտահագուստ». ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան

«Ադրբեջանական այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ Ադրբեջանը դիտմամբ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, դրանով իսկ պատճառելով մարդկային և նյութական կորուստներ»,- այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով նաև այն փաստին, որ այսօր թիրախավորվել են լրատվամիջոցների ներկայացուցիչները
«Թիրախավորման նշանակետում են հայտնվել նաև լրագրողներին տեղափոխող մեքենաները, չնայած նրան, որ լրագրողներն ունեցել են հատուկ տարբերանշաններ և արտահագուստ:
Այս ամենը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում և նման գործելաոճը խստագույնս դատապարտելի է»:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ իր հերթին անդրադարձավ լրագրողների հետ կապված իրադարձություններին.
«Ուզում եմ հատուկ նշել, ուսումնասիրել եմ այս առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը ու չնայած որ որպես ՄԻՊ երբեք չեմ մեկնաբանել որևէ երկրի գերատերչության հայտարարություն, հարկ եմ համարում ասել, որ այդ հայտարարությունը անընդունելի է միջազգային պահանջների տեսանկյունից»,- ասել է Թաթոյանը և հավելել, որ այն կոպիտ խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքը:

Ըստ նրա Ադրբեջանը փորձել է այդ հայտարարությամբ ցույց տալ միջազգային հանրությանը, որ հայաստանը չի ապահովում լրագրողների անվտանգությունը. «Ադրբեջանում թույլ չեն տալիս միջազգային լրատվամիջողների լրագրողներին աշխատել: Սա նշանակում է, որ չեն ցանկանում իրադրությունը լուսաբանվի միջազգային հարթակներում»:

ՄԻՊ-ը նշեց, որ այցերի ընթացքում տարբեր գյուղերում հայտնաբերել են արկեր բնակելի տներից 50-60 մետր հեռավորության վրա: Սա Մարդու իրավունքների կոպտագույն խախտում է:

Իննա Թումանյան