Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ագրեսիայի համար Թուրքիայի պատասխանատվության վերաբերյալ

Թուրքիան երկար ժամանակ ակտիվորեն փորձում է օգտագործել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր ապակառուցողական արտաքին քաղաքական օրակարգն առաջ մղելու համար, ընդ որում՝ ոչ միայն հրապարակավ արտահայտելով անվերապահ համերաշխություն Ադրբեջանին, այլև այդ երկրին ցուցաբերելով իր անմիջական աջակցությունը, այդ թվում՝ ռազմական բնույթի: Սակայն եթե նախկինում Թուրքիան ստվերային տիկնիկավարի դեր էր խաղում, որն ուղղորդում էր Ադրբեջանի գործողությունները, ապա այժմ Անկարան անմիջական մասնակցություն ունի Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իշխանությունների միջազգային հակաիրավական գործողություններին՝ խրախուսելով Բաքվի հանցավոր գործողությունները, ցուցաբերելով ռազմաքաղաքական և տեղեկատվական աջակցություն, տրամադրելով զենք, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր և համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ուղարկելով ռազմական մասնագետներ և հավաքագրելով վարձկաններ Մերձավոր Արևելքից՝ Արցախի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու համար: Թուրքիայի այսօրինակ ագրեսիվ վարքագծի ցայտուն օրինակ է ՀՀ օդային տարածքում թուրքական F-16 կործանիչի կողմից հայկական ինքնաթիռի խոցումը:

Կարծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը լիովին տեղավորվում է քաղաքակիրթ աշխարհհ և առաջին հերթին այն երկրների քաղաքական և մարդասիրական պարտավորությունների շրջանակներում, որոնք ճանաչել և դատապարտել են 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը:

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն