«Տասնյակ վիրավորների թվում կան կանայք ու երեխաներ, տարեց մարդիկ». Արման Թաթոյան

«Առաջին պահից սկսած, երբ Ադրբեջանը հրետանային և ռազմաօդային ագրեսիվ հարձակումներով սկսեց հարձակման ենթարկել Արցախը, ակնհայտ էր, որ թիրախավորված են նաև քաղաքացիական բնակավայրերը»,- միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու հավելեց, որ հակառակորդը չի դնում ոչ մի տարբերություն ռազմական օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների միջև:
Ըստ Թաթոյանի, վտանգի տակ է դնում բնակչության կյանքը, առողջությունը և առհասարակ կարելի է արձանագրել, որ այդ հարվածներն ակնհայտ պլանավորված են և նպատակային:

Քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում կա 4 զոհ: Տասնյակ վիրավորների թվում կան կանայք ու երեխաներ, տարեց մարդիկ.
«Հակառակորդը հարվածներով փորձում է նաև պարալիզացնել բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտները»:

Այս բոլոր հարձակումներն ուղեկցվում են ատելության խոսքով. «Մշտադիտարկումը վկայում է, որ այն դարձել է շատ համակարգված ու հզորացած: Տարածում են հատուկ տեսանյութեր ու լուրեր, որ վախ առաջացնեն խաղաղ բնակչության շրջանում: Քարոզչություն է գնում նաև բռնության, սպանության կոչերով»:

Իր խոսքի վերջում Թաթոյանը նշեց, որ Արցախի ՄԻՊ-ի հետ համատեղ են աշխատում ու կկարողանան միջազգային հանրությանն էլ շատ օպերատիվ ներկայացնել տիրող իրավիճակը:
«ՀՀ ԶՈւ-երը, ՊԲ-ն իրականացնում են մեր հայրենակիցների կյանքի իրավունքի պաշտպանությունը»,- արձանագրեց ՄԻՊ-ը և հավելեց, որ դա մեզ համար կարևոր նշանակություն ունի:
ՄԻԵԴ-ին ներկայացված ՀՀ գանգատին ընդդեմ Ադրբեջանի անդրադառնալով, նա ասաց, որ տեղյակ է հաղորդագրություններից, բայց այս փուլում իրավասու չէ միջամտելու. «Գործի ընթացքից կապված կարող ենք դիտակրել երրորդ կողմ միջամտելու հարցը և միայն այդ ժամանակ կներկայացնենք մեր դիրքորոշումը»:

Իննա Թումանյան