Համախմբումը մեր հաղթանակների անվերապահ գրավականն է. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Համախմբումը մեր հաղթանակների անվերապահ գրավականն է. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում,

Ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիան պատերազմ է ողջ հայ ժողովրդի դեմ: Այդ պատերազմն ուղղված է Արցախում մարդու ազատ ապրելու իրավունքի, արժանապատիվ և խաղաղ կյանք ու ապագա ունենալու դեմ:

Խորը ցավ եմ ապրում ադրբեջանական ռազմական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների համար, որոնց թվում՝ երեխա և կին:

Արցախի պաշտպանության բանակն իր առաջին իսկ պատասխանով վերստին ապացուցեց, որ պատրաստ է արագորեն արձագանքել ցանկացած ռազմական գործողության: Ցանկացած ագրեսիային մեր պատասխանը եղել է, կա և լինելու է խաղաղության վերահաստատումը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության ամրապնդումը:

Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, պետությունների, միջազգային կառույցների, անհատների կողմից համարժեք և գործնական արձագանք կտրվի Ադրբեջանի պատերազմական գործողություններին:

Ադրբեջանն իր այդ գործողություններով միջազգային միջնորդներին և միջազգային հանրությանը անթաքույց ցույց է տալիս, որ չի ցանկանում Արցախի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով և նպաստել խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում, շարունակում է ոտնահարել համամարդկային արժեքները, թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, բուժհաստատությունները և հաղորդակցության ուղիները:

Մենք հուսով ենք, որ միջազգային հանրության կողմից հրատապ քայլեր կձեռնարկվեն Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Դա անհրաժեշտ է մարդկային հետագա զոհերից խուսափելու և տարածաշրջանում ստեղծված առանց այն էլ փխրուն իրավիճակն ավելի չապակայունացնելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախյան գոյամարտում ձեռք բերված հաղթանակը մեր միասնության ու համախմբման արդյունք է, այսօր այդ հաղթանակի պահպանումը մեզանից յուրաքանչյուրի նվիրական պարտքն է։

Մեր Հայրենիքի ճակատագիրը կախված է մեզնից, մեր միասնությունից, համերաշխությունից և կարգապահությունից։
Պետք է համախմբվել: Համախմբումը մեր հաղթանակների անվերապահ գրավականն է: Այս պահին պիտի մի կողմ դնենք բոլոր քաղաքական տարաձայնություններն ու անձնական հակառակությունները և դառնանք ամուր թիկունքը մեր զինված ուժերի:

Գործե՛նք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպը, աշխարհայացքը և պատկերացումները։ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում յուրաքանչյուրիս կարողությունն ու ներուժը պետք է օգտագործվեն Հայրենիքի համար:

Աստված պահապան մեր բանակին:
Աստված պահապան բոլորիս:

ՀՀ նախագահի աշխատակազմ