Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, անկախ Հայաստանը նշում է իր 29-ամյակը

1991 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում հայ ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց անկախությանը։

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացավ Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն ձեռքբերեց նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։

Կատարվեց հայ ժողովրդի՝ ինքնիշխան պետություն ունենալու երազանքը։ Անկախության 29 տարիների ընթացքում Հայաստանն ունեցավ բազմաթիվ նվաճումներ ու ցավալի կորուստներ, սակայն ամենամեծ հաղթանակը ինքնին անկախ պետականության հռչակումն էր, հետո նաև արցախյան հաղթանակները։
«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը և Banak.info կայքի խմբագրակազմը շնորհավորում են տոնի արթիվ ՀՀ բոլոր քաղաքացիներին, հայ ժողովրդին՝ սփյուռքահայ բարեկամներին և հատկապես հայ զինվորին, որը երաշխավորում է մեր ներկա ու ապագա անկախությունն ու խաղաղությունը։
Անկախության օրը ևս մեկ անգամ առիթ է հիշելու հայ ժողովրդի անցած դժվարին ուղին և դրա շնորհիվ կերտած փառահեղ հաղթանակները։