Հուլիսյան գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները համարյա թե կրկնակի ավելացել են. Տոնոյան

Հուլիսյան գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները համարյա թե կրկնակի ավելացել են. Տոնոյան

Ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հարությունյանն իր հարցն ուղղեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Պատգամավորը մեջբերեց այսօր տարածված տեղեկությունը, թե զինծառայող է զոհվել ադրբեջանական հերթական սադրանքի պատճառով: Նա խնդրեց ներկայացնել, թե ինչ իրավիճակ է այս պահին, եւ կա՞ արդյոք լարվածություն:

Տոնոյանը նախ եւ առաջ խնդրեց պատգամավորներին եւ Կառավարության անդամներին մեկ րոպե լռությամբ հարգել զինծառայողի հիշատակը: «Հաշվի առնելով իրավիճակը՝ հուլիսյան դեպքերից հետո մեր համար շատ ցավալի կորուստ է սա»,- ասաց Տոնոյանը:

Այնուհետեւ նիստերի դահլիճում գտնվող բոլոր անձինք ոտքի կանգնեցին եւ լռությամբ հարգեցին զինծառայողի հիշատակը:

Անդրադառնալով բարձրացված հարցին՝ նախարարը հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են ամրաշինական աշխատանքներ՝ որոշակի չեզոքացնելու մեր դիրքապահների եւ մեր դիրքերի գերակայությունն ու առավելությունը: Հենց այդ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք, եւ լինում են նման պատկերներ: Տոնոյանի փոխանցմամբ՝ այս իրավիճակն արդեն ձգվում է 2 շաբաթ. «Մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Երեկ ադրբեջանցիները, ունենալով վիրավոր, ահազանգեցին այս խնդրի մասին: Այս դեպքերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահողներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը տեղյակ է այս ամենից, մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի զարգացման ռիսկերի նվազեցման որեւէ մեխանիզմ»,- ասաց Տոնոյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր մտահոգությունը, զգոնությունը բարձրացրել է, իսկ այդ մտահոգությունը կանխատեսելի է, որովհետեւ համապատասխան գործողություններ են իրականացվել:

Հայրապետյանի հարցին, թե կա՞ արդյոք լարվածության աճ հուլիսյան դեպքերից հետո, Տոնոյանը պատասխանեց. «Հուլիսյան գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները համարյա թե կրկնակի ավելացել են: Հույս ունենք, որ համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է եւ նպաստելու է բանակցային գործընթացին: Այնուամենայնիվ, համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,- եզրափակեց պաշտպանության նախարարը:

 

Armtimes.com