Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ ՊԲ երեք զինծառայողների շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչումով

Սեպտեմբերի 1-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։

Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել Պաշտպանության բանակի զինծառայողների, ազատամարտիկների, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների, առողջապահության, կրթության, գիտության ոլորտների ներկայացուցիչների:
Գիտության, կրթության և առողջապահության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են ԼՂՀ պատվավոր կոչումներ:
Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՊԲ զինծառայողներ Կարեն Շաքարյանին, Կարեն Առստամյանին և Սամվել Պողոսյանին և ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Արայիկ Գրիգորյանին:
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանին և Սասուն Գաբրիելյանին:
Նախագահ Հարությունյանը շնորհավորել է պարգևատրվածներին ու նշել է, որ սեպտեմբերի 2-ը պատմական օր է, համազգային հպարտության, հայ ժողովրդի արցախյան հատվածի երբեմնի ոտնահարված իրավունքների վերականգնման և արժանապատիվ ներկան ու ապագան խորհրդանշող օր:
«Միասնականությունը և ներդաշնակությունը համազգային գաղափարի շուրջ, որ դրսևորեց հայ ժողովուրդն այդ փուլում, օրինակելի էր»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այսօր, առավել քան երբևէ, մեր ազգային հավաքական ուժի շնորհիվ պետք է կառուցենք մեր երազանքների Հայրենիքը:
Խոսելով անելիքների մասին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ պետականությունը պետք է պաշտպանել, շարունակաբար ամրապնդել ու զարգացնել, որի համար առկա է ամենակարևոր նախադրյալը՝ մարդկային ռեսուրսը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայք

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ