Banak.info մասնագիտացված ռազմական կայքն ավարտել է տեխնիկական վերազինումը․ նոր տեսք, նոր հնարավորություններ

Banak.info-ն մեկօրյա դադարից հետո վերադառնում է և իր ծննդյան օրվա կապակցությամբ հանրությանն է ներկայանցում նորովի վերազինված՝ տեխնիկապես ավելի հզոր և ֆունկցիոնալ մի շարք առավելություններով։
«Կայքում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային առումով»,- ասում է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի Լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լիանա Բրյանը և հավելում, որ ավելացել են բաժիններ, որոնք նախկինում չկային։ Լիանան այդ բաժիններից առանձնացնում է «Սպայի գրադարան»-ը, որը ոչ միայն նախատեսված է սպանների համար, այլև հասարակության այն շերտի համար, որը հետաքրքրված է ռազմական և անվտանգային ոլորտներով։
Banak.info կայքում ընթերցողը այժմ կարող է ծանոթանալ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից իրականացված նախորդ ծրագրերին և ցանկության դեպքում մասնակցել ընթացքում գտնվող ծրագրերին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպությանն անդամագրվելու առնցանց հայտ։ Նոր բաժիններում այժմ հեշտությամբ կարելի է գտնել ՀԿ-ին վերաբերող ցանկացած տեղեկություն և բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ կանոնադրությունը և գաղտնիության պարտավորագիրը։ Հասանելի է նաև անդամների ցանկը, իսկ առաջիկայում կգործարկվի նաև դրամահավաքների հաշվետվության առցանց հաշվիչ՝ ինչպես միշտ ամեն ինչ մատչելի և թափանցիկ, պահպանելով անվտանգության և գաղտնիության պայմանները։
«Կայքի վերազինմամբ նպատակ ենք ունեցել հասարակությանը ներկայացնել մեր գործունեությունը նոր ձևաչափով ու ֆունկցիոնալ նոր հնարավորություններով»,-ներկայացնում է Լիանան ու ասում, որ փորձ է արված քաղաքացիների համար ստեղծել ռազմագիտական առցանց «անկյուն»։
«Նորակոչիկի անկյուն», «Հայ ռազմարվեստի պատմություն», «Զինատեսակների տեղեկատու» բաժինները ստեղծվել են, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող կարողանա գտնել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը:
Կայքում առանձնացվել են ռազմական, բանակային և անվտանգային մասնագիտացված թեմաները, իսկ զոհվածների և մեր կողքին ապրող հերոսների մասին պատմող նյութերը համապատասխանաբար տեղ են գտել «Հուշամատյան» և «Կոչեմ ապրողաց» բաժիններում: Դե իսկ ՀՀ ՊՆ-ին, Արցախի ՊԲ-ին վերաբերող նորություններին կարող եք հետևել օրվա ցանկացած ժամի, նորություններ բաժնի առանձնացված ենթաբաժիններում։
Իննա Թումանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: