«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն 4 տարեկան է
Ուղիղ 4 տարի առաջ օգոստոսի 26-ին կազմավորվեց «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը: «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի պաշտոնական www.banak.info կայքը սկզբում գործեց որպես բլոգ, այնուհետև հասարակական պահանջներից ելնելով մասնագիտացվեց՝ դառնալով ռազմական մասնագիտացված կայք:
Գործունեության 4 տարիների ընթացքում նրան են անդամակցել տասնյակ երիտասարդներ, ուսանողներ ու ոլորտով հետաքրքրված մարդիկ՝ ՀԿ-ում ստեղծելով մշակույթի, իրավական հարցերի, լրատվության և հասարակայնության հետ կապերի, գնումների, մատակարարման և տնտեսական հարցերի հանձնաժողովները:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կազմակերպած դրամահավաքների միջոցով օժանդակության կարգով ՀՀ ՊՆ-ին ու ԱՀ ՊԲ-ին են հանձնվել բազմաթիվ անհրաժեշտ իրային և տեխնիկական միջոցներ: Բացի բարեգործությունից ՀԿ-ն համերգային ծրագրերով, տեղեկատվական անվտանգության թեմայով սեմինարներ անցկացնելու նպատակով այցելելու է զորամասեր, ծառայության մեջ բարեխղճություն ցուցաբերած, մարտական ծառայությունում բարձր ցուցանիշներով աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել շնորհակալագրերով: Իսկ իր գործունեության ամբողջ ընթացքը լուսաբանել է Banak.info կայքով:
4 ամյակի առթիվ կայքը վերազինվել է՝ ձեռք բերել տեխնիկապես ավելի հզոր ու ֆունկցիոնալ մի շարք առավելություններ: Այս առիթով ՀԿ-ի անդամներն արդեն ունեն անդամաքարտեր, լրագրողների նոր վկայականներ և ՀԿ-ի տարբերանշանով այլ իրեր:
-Ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել այնպիսի թիմ, որն արդեն գործում է 4 տարի, շնորհակալ եմ բոլոր անդամներին, այս տարիների ընթացքում ՀԿ-ում լինելու համար և վստահ եմ՝ թեկուզ մեկ անդամի բացակայությամբ ՀԿ-ն չէր լինի այնպիսին, ինչպիսին հիմա է: Մենք անում ենք մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ՝ ինչպես ՀԿ-ի անունն է ասում «Հանուն հայ զինվորի», – նշում է «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագա Դավիթ Թորոսյան:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի անդամները կազմակերպության մասին
Ես 3 տարի է ինչ անդամակցում եմ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ին: Մուտքս ՀԿ պատահական ստացվեց, բայց Աստծուն եմ շնորհակալ, որ պատիվ ունեմ հայ զինվորի համար երգելու ու հոգևոր սնունդ մատուցելու նրանց:
Մշակույթի հանձնաժողովի անդամ Սուսաննա Նաջարյան
Արդեն 3 տարի է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի անդամ եմ ու ուրախ եմ, որ կարողանում եմ թեկուզ մի քանի ժամով երգ ու պարի միջոցով զինվորներին կտրել իրենց առօրյայից ու լիցքաթափել: ՀԿ-ն օջախ է դարձել ինձ համար, իսկ այս օջախում իմ քույրերն ու եղբայրներն են:
Մշակույթի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Նազարյան
Ես «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ին անդամակցում եմ արդեն 2 տարի: Իսկապես մեծ պատիվ է ինձ համար բանակում ծառայելուց հետո շարունակել ծառայել հայրենիքին ու մեր հզոր բանակին այս տարբերակով ևս։ Պատրաստ եմ ծառայել մինչև վերջ ու վստահ եմ, որ մեր բանակը ամենահզորն է ու անկոտրունը։ Ուրախ եմ, որ մի մասնիկն եմ այս կազմակերպության, որն ամեն պահի, ամեն վայրկյան կանգնած է բանակի ու հայրենիքի կողքին։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ անդամ Մհեր Շատոյան
Ես «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի հնաբնակներից եմ, անդամակցում եմ արդեն 3.5 տարի: Երբ սահմանում իրավիճակը ինչ- որ ժամանակահատվածում լարված էր, նյութ էի պատրաստել այդ մասին և այդպիսով սկսվեց իմ անդամակցությունը ՀԿ-ին:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ անդամ Արմինե Պողոսյան
Ես «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ին անդամակցում եմ մոտ 3,5 տարի: Լինելով լրատվական թիմից, ուրախ եմ, որ այս տարբերակով կարողանում եմ հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնելու կենդանի և զոհված հերոսներին, դա մեծ պատասխանատվություն է:
Լրատվության և հասարակայունության հանձնաժողովի անդամ Ալվինա Հարությունյան
Լիանա Բրյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: