Հունվարի 28-ը հայկական բանակի կազմավորման օրն է
«Սիրեք, հարգեք բանակը: Բանակ չունեցանք՝ մեզ ոչ ոք չի հարգելու: Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չէ, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, անցողիկ բաներ են, կարևորը՝ զսպանակը, կայացած է: Ու էդ զսպանակի զսպանակը բանակի հրամանատարներն են: Պետությունը նրանց վրա է կանգնում»
Վազգեն Սարգսյան
Հայկական բանակի ստեղծման գործում վճռորոշ դեր խաղաց 1990թ․-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը՝ նոր իրավական և գործնական հեռանկարներ բացելով ազգային բանակի ստեղծման հարցում:
1991թ․-ի դեկտեմբերի 5-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Նա նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր։
1992թ․-ի հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն ու Banak.info-ի խմբագրակազմը, շնորհավորում են Հայոց բանակի վետերաններին ու ազատամարտիկներին, սպաներին ու 18-20 տարեկան, բայց ուժեղ ու անվախ զինվորներին, շնորհավորում են հայ ազգին, որ ունի պատիվ՝ սեփական բանակ ունենալու, քանզի բանակը մեր հավատն է ու հպարտությունը, մեր գոյատևման գրավականը, ապագայի հանդեպ մեր հավատի ու լավատեսության առաջին երաշխիքը։
Բանակի տոնը ևս մեկ առիթ ու հնարավորություն է կրկին հիշելու այն բոլոր հերոսներին, որոնց նվիրումի ու հաճախ նաև կյանքի գնով՝ ստեղծվեց և կայացավ մեր բանակը:
Տոնդ շնորհավո՛ր, Հայկական բանակ. Փառք ու պատիվ, նաև երախտիք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: