Ծառայակցի արձակած կրակոցից վիրավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող. ՔԿ
2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից ստացվել է հաղորդում ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողի կողմից հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ։
Վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։
Բուժհաստատությունից ստացված տեղեկատվությամբ՝ զինծառայողը վիրահատվել է, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները լիարժեքորեն պարզելու ուղղությամբ։
Զանգվածային լրատվության առանձին միջոցներում հրապարակված տեղեկատվությունն առ այն, որ մարտական դիրքում ժամկետային երկու զինծառայող կրակել են միմյանց վրա, իրականությանը չեն համապատասխանում։
ՔԿ
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: