«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ն 8 տարեկան են

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ն 8 տարեկան են

«Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը և Banak.info ռազմական մասնագիտացված կայքը հիմնադրվել են 2016 թվականի օգոստոսի 26-ին: Հիմնադիր նախագահը Դավիթ Թորոսյանն է։ ՀԿ-ն արդեն ութ տարվա պատմություն ունի ու ըստ Դավիթի՝ եղել են և կան բազմաթիվ դժվարություններ, սկսած իրավաբանական գրանցում ստանալու օրվանից, մինչև ամենօրյա գործունեության իրականացում․ «Մեզ համար կան սկզբունքներ, որոնք անփոփոխ են, որոնցից են օրինակ, երբեք զինվորին տրված նյութական աջակցության վրա սեփական գովազդային ակցիա չկազմակերպելը և ամեն ինչ անելը՝ հանուն հայ զինվորի, ինչպես կազմակերպության անվանումն է»։ Կազմակերպությունը ստեղծման օրվանից ի վեր իրականացրել է բազմաթիվ այցեր զորամասեր ու մարտական դիրքեր, ինչպես նաև իրականացվել են կրակային պատրաստության պարապմունքներ: Զորամասեր այցելության ժամանակ իրականացվել են միջոցառումներ՝ հայրենասիրական երգ ու պարի ուղեկցությամբ: Այսպիսով ՀԿ-ն ոչ միայն օժանդակել է զինված ուժերին, այլև տարաբնույթ գործառույթներով նպաստում բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: Իսկ վերը նշված բոլոր միջոցառումները լուսաբանվում են «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի պաշտոնական կայքում՝ Banak.info-ում, որում լուսաբանում են ոչ միայն այցերը զորամասեր, այլև զորակոչի և զորացրման արարողությունները, զորավարժությունները, զինվորական ոլորտին առնչվող թեմատիկ և իրադարձային նորությունները: Դավիթ Թորոսյանի խոսքով՝ նաև որպես ՀԿ-ի 8 ամյակին նշանավորում, վերջապես, Մտավոր սեփականության գրասենյակում գրանցվել են Հանուն հայ զինվորի ՀԿ-ի և Banak.info-ի և ապրանքային նշանները՝ որպես «Հանուն հայ զինվորի» ՀԿ սեփականություն։ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն բանակի կողքին է 2016-ի ապրիլյանից հետո, այսօր, վաղը ու միշտ,- ասում է Դավիթը և հավելում, որ հավատարիմ է սկսած գործին, նշանաբանին, չէ՞ որ պատերազմը միայն փաստաթղթով է ավարտվել: «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը շնորհավորում է կազմակերպության ներկա ու նախկին բոլոր անդամներին: Աստված պահապան մեր հայրենիքին: