Հայկական բանակը 32 տարեկան է
Բանակը եղել է և պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հոգսը։ Բանակաշինությունը ծանր, բայց հավատացնում եմ, հաճելի հոգս է։ Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում. Վազգեն Սարգսյան:
Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է՝ հայկական տոնացույցի ամենակարևոր օրերից մեկը: Երեսուներկու տարի շարունակ բանակն ու հայ զինվորը եղել ու մնում են մեր ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն ու պաշտպանը: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Հանրապետության նախագահի հրամանագրով պաշտպանության առաջին նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, ով արդեն լինելով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ` կամավորականների մեծ մասի սիրված հրամանատարն էր: 1992թ.-ի մայիսին Պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն ու Banak.info-ի խմբագրակազմը, շնորհավորում են Հայոց բանակի վետերաններին ու ազատամարտիկներին, սպաներին ու 18-20 տարեկան, բայց ուժեղ ու անվախ զինվորներին, շնորհավորում են հայ ազգին, որ ունի պատիվ՝ սեփական բանակ ունենալու:
Բանակի տոնը ևս մեկ առիթ ու հնարավորություն է կրկին հիշելու այն բոլոր հերոսներին, որոնց նվիրումի ու հաճախ նաև կյանքի գնով՝ ստեղծվեց և կայացավ մեր բանակը:
Օգտվելով օրվա խորհրդից, «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը՝ ՀԿ-ի հիմնադրման օրվանից մինչ օրս կատարված տարատեսակ ծրագրերին աջակցելու համար, շնորհակալագրերով է պարգևատրել ՀԿ մի խումբ անդամների և աջակիցների:
Տոնդ շնորհավո՛ր, Հայոց բանակ. Փառք ու պատիվ, նաև երախտիք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: