Մարտական դիրքում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեաական վարույթ է նախաձեռնվել. մեկ անձ ձերբակալվել է
![](https://banak.info/wp-content/uploads/2024/01/fb_img_1704810942320-scaled.jpg)
ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. հունվարի 9-ին` ժամը 06:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ.Կ.-ն։
Նախնական տվյալներով հրազենային վիրավորումը հասցվել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողի կողմից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ։
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, վերոգրյալ հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ անհետաձգելի բոլոր ապացուցողական և դատավարական այլ գործողությունները՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտե
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: