Անմահ հերոս Վյաչեսլավ Բադալյան

Եթե զինվորական ծառայության մեջ որևէ բան փոխեի, կխմբագրեի զինվորական երդաման տեքստը. հանուն հայրենիքի ոչ թե չխնայել, այլ խնայել կյանքը…

Վյաչեսլավ (Սլավա) Սամվելի Բադալյանը ծնվել է 1998թ.-ի մայիսի 27-ին՝ Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Փոքրուց շատ հանգիստ է եղել, երբեք կամակորություններ չի արել։ Հարազատներն ասում են, որ սիրում էր մեքենաներով խաղալ, իսկ հրացաններ ընդհանրապես չէր սիրում. «Մանկուց սիրել է երաժշտությունը, թեև երբևէ՝ թեկուզ սիրողական մակարդակով չի զբաղվել երաժշտությամբ, բայց շատ լավ հիշում եմ, թե ինչքան էր ուրախացել, երբ ծնողներս իրեն փոքրիկ դաշնամուր էին գնել։ Շատ խաղալիքներ էին գնում իր համար, բայց ոչ մի անգամ այդչափ չէր ուրախացել»,- ասում է քույրը` Վիկտորիան։
Սլավան նախնական կրթությունը ստացել է տեղի` Նոյակերտի միջնակարգ դպրոցում։
«Գերակտիվ, աշխույժ ու համարձակ էր իր իսկ գաղափարներում, խոսքերում»,- բնութագրում է համադասարանցին՝ Լուսինեն. «Շատ հետաքրքրասեր էր, սիրում էր պրպտել ու գտնել այն ամենի պատասխանն ինչն իրեն հուզում էր։ Նա շատ խելացի և լավ առաջադիմությամբ սովորող աշակերտ էր։ Հաճախ էր բանավեճի մեջ մտնում դասավանդող ուսուցիչների հետ և պնդում ասվածի հակառակը։ Մի անգամ այդպիսի մի դեպք եղավ քիմիայի դասաժամին, երբ Սլավան ուսուցչին համոզում էր, որ քիմիան ոչնչով պետք չի գալու լրագրողին, այդ դեպքում ինչու՞ սովորի։ Չափից դուրս հումորով էր, ինքնավստահ, գեղեցիկը գնահատող, սիրալիր, հարգանքով։ Սլավան ֆենոմեն էր, իր հետ կարող էիր ժամերով խոսել, բանավիճել ու չձանձրանալ»։
Առանձնակի հետաքրքրություններ ունենալով լուսանկարչության հանդեպ՝ Սլավան իր տեսախցիկով մշտապես լուսանկարել է բնությունը, բնության երևույթներն ու կենդանիներին։ Նա հետաքրքրվել է  նաև օտար լեզուներով, իսկ իր մասնագիտությունը` լրագրությունը, այնքան շատ է սիրել, որ ազատ ժամանակն  օտար լեզվով մասնագիտական նյութերի ընթերցման և ինքնազարգացման նպատակով է օգտագործել կամ քաղաքական թեմատիկայով հաղորդումներ է դիտել։
«Նոր բան սովորելու ձգտումով, նպատակասլաց և որպես ընկեր նվիրված անձնավորություն էր։ Իր մոտ չէ բառը գոյություն չուներ, ամեն գնով փորձում էր օգնել յուրաքանչյուրին։ Նույն դասարանում ենք սովորել, մանկուց միշտ միասին ենք եղել ու մինչև վերջ էլ կապ ենք պահել միմյանց հետ։ Ուզում էր դառնալ հայտնի լրագրող ու հիշում եմ, որ երբ ես ուզում էի դառնալ ֆուտբոլիստ, Սլավան ասում էր՝ «Ես կգամ ու քեզանից հարցազրույց կվերցնեմ»,- պատմում է մանկության ընկերը՝ Մերուժանը։
Դպրոցն ավարտելուց հետո՝ ընդունելության քննություններին բարձր միավորներ հավաքելով, Վյաչեսլավն  անվճար հիմունքներով ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Համալսարանը գերազանցությամբ ավարտելուց հետո` Սլավան հասցրել է մասնագիտական փորձ ձեռք բերել՝ աշխատելով թե՛ տպագիր մամուլում, թե՛ հեռուստատեսությունում: Նա տարկետման իրավունք է ստացել։ Բակալավրի որակավորում ստանալուց հետո՝ անվճար հիմունքներով ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրա և հնարավորություն է ունեցել շարունակել ուսումը, բայց որոշել է գրիչը փոխարինել զենքով ու մեկնել ծառայության։
«Եղբայրս զորակոչվելուց հետո՝ ուսմանը զուգահեռ, ուզում էր դիվանագիտական դպրոց ընդունվել, նաև հետագայի պլաններ ուներ Պաշտպանության նախարարությունում աշխատելու։ Ինքը շատ էր սիրում ու կարևորում իր մասնագիտությունն ու ուզում էր մաքսիմալ օգտակար լինել մեր երկրին։ Շատ էր կարևորում ուսման դերը, չափազանց շատ ու  միշտ իմ աշակերտներին կողքից նայում, ասում էր՝ «Սովորեք, սովորեք, շատ կարևոր է»,  կամ նայում էր կողքից՝ ով ինչ պոտենցյալ ունի, իր անմիջական խորհուրդներով փորձում էր ուղղորդել։ Ինչ հարցով դիմում էին իրեն, միշտ պատրաստակամ էր օգնել։ Անգամ եթե ինչ-որ գործով զբաղված լիներ՝ կթողներ ու կշտապեր ուրիշին օգնելու»,- պատմում է քույրը` Վիկտորիան։
Առաջին վեց ամիսների ընթացքում Սլավան ծառայել է Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում։ Նրա զենքը հակատանկային հրթիռային համակարգն (ֆագոտ) է եղել։ Այնուհետև՝ ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի զորամասերից մեկում։ Շատ գոհ է եղել ծառայությունից` և՛ Գյումրիում, և՛ Հադրութում։  Զորամասում ևս բոլորը հարգել են իրեն ու մի անգամ, երբ ծնողները գնացել են Հադրութ` տղային տեսակցության,  սպայական կազմից մոտեցել են նրանց և շնորհակալություն են հայտնել նման որդի դաստիարակելու համար։
Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Սլավան եղել է Հադրութի առաջնագծում և թվով երեք տանկ է խոցել։ Վերջին տանկի խոցման ժամանակ էլ անմահացել է։ Վերջին անգամ զինվորը խոսել է մայրիկի հետ և ինչպես բոլոր զինծառայողները` Սլավան նույնպես հանգստացրել է մորը՝ ասելով, որ ապահով տեղում են, անհանգստանալու կարիք չկա ու վերջում ասել է՝ «Բոլորին կբարևես մա՜մ, տատիկին հատուկ կբարևես։
Սլավա Սամվելի Բադալյանը զոհվել է սեպտեմբերի 30-ին։ Հուղարկավորված է հայրենի գյուղի գերեզմանատանը։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և  կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան