Կալանավորվել է Մարտունու Ռազմական ոստիկանության պետը

Կալանավորվել է Մարտունու Ռազմական ոստիկանության պետը

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ Մարտունու Ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա..ն կաշառք տվողի մատնանշածի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերով՝ 570 հազար դրամ կաշառք։ Մասնավորապես պարզվել է, որ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողի մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու և ընթացք չտալու հարցում, պաշտոնական անձին կաշառք տալու միջոցով օգնելու համար վերջինիս հայրը՝ Ս. Հ.-ն դիմել է «Մոնթե Մելքոնյանի» անվան ռազմամարզական վարժարան հիմնադրամի պահեստապետ Գ. Գ.-ին։ Վերջինս կաշառք տալու օժանդակելու դիտավորությամբ նշված հարցով դիմել է իր մտերիմին՝ ՊՆ Մարտունու Ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ին, ով ընդունել է կաշառքի առաջարկը, այնուհետև Է. Ա.-ն իր ծառայողական և իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ զինծառայողի օգտին ապօրինի անգործություն կատարելու, վերջիինիս մոտ արգելված իր հայտնաբերելու, չարձագանքելու և ընթացք չտալու համար պահետապետ Գ. Գ.-ի օժանդակությամբ զինծառայողի հորից 2023 թվականի սեպտեմբերի 12-ին բանկային փոխանցման եղանակով ստացել է խոշոր չափերի կաշառք։ Ի դեպ՝ նախաքննության ընթացքում իրականացված խուզարկության ժամանակ Ռազմական ոտսիկանության բաժանմունքի պաշտոնատար անձանց աշխատասենյակներում հայտնաբերվել է՝ առանց օրինական հիմքերի պահվող զինամթերք։ 2023 թվականի հոտեմբերի 26-ին Մարտունու Ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն, վերջինիս կաշառք տված Ս. Հ-ն և նրանց օժանդակած Գ. Գ.-ն ձերբակալվել են։ Է. Ա.-ին և Գ. Գ.-ին մեղադրանքներ են ներկայացվել համապատասխան հոդվածներով։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան Է.Ա.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը դատարանի կողմից բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ ուժի մեջ մտած դատավճռով։