2023թ․-ի սեպտեմբերյան պատերազմն Արցախում․ իրադարձությունների ժամանակագրություն
2023 թվականի սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով՝ հրթիռահրետանային ինտենսիվ կրակով թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին, որից հետո՝ ձեռնարկեցին պաշտպանության բանակի պաշտպանությունը ճեղքելու գրոհներ:
Banak.info ռազմական մասնագիտացված կայքը ստորև Ձեզ է ներկայացնում, իրադարձությունների և հաղորդագրությունների հակիրճ ժամանակագրությունը։
2023թ․-ի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։21-ին, Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակում կատարեց, ըստ որի՝ ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ժամը 14։11-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։
Ժամը 14։53-ին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
Ժամը 16։13-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ Բաքվի հարձակումների հետևանքով, այդ պահին հավաքագրված տվյալների համաձայն, Արցախում կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա։
Ժամը 16։18-ին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։
Ժամը 16։48-ին Տեղեկատվական շտաբից ևս մեկ հրապարակմամբ դիմեցին հանրությանը՝ ասելով, որ ադրբեջանական քարոզչամեքենան մեծ ակտիվություն է ցուցաբերում սոցիալական բոլոր հարթակներում ապատեղեկատվություն տարածելու ուղղությամբ՝ օգտագործելով նաև կեղծ հայկական օգտահաշիվներ: Խնդրեցին լինել աչալուրջ, չտրվել ապատեղեկատվությանը, սադրանքներին և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Ժամը 17։21-ին տեղեկացրին, որ Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ կրակն անհապաղ դադարեցնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով բանակցությունների սեղանի շուրջ նստելու հարցով։ Դրանից հետո նշվեց, որ պաշտոնական Ստեփանակերտը աշխատանքներ է տանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:
Ժամը 17։29-ին ԱՀ ՄԻՊ-ի տվյալները թարմացվեցին․ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։
Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում եւ Ստեփանակերտում։
Կապի համակարգի թիրախավորման եւ ոչ պատշաճ աշխատանքի հետեւանքով ՄԻՊ աշխատակազմը բախվում է լրջագույն խնդիրների՝ փաստերի հավաքագրվման առումով։
Ստեփանակերտի դիահերձարանից Արցախի ՄԻՊ ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տվյալներով՝ 22։30-ի դրությամբ Արցախում 27 զոհ ունենք, իսկ վիրավորները 200-ից ավելի են։ ԱՀ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։
Սեպտեմբերի 19-ի ավարտին՝ ժամը 23։57-ին, Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին: Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00։19-ին, Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը ներկայացրեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է:
Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում:
Ժամը 07։22-ին ԱՀ ՊՆ-ն նշեց նաև, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Ժամը 11։06-ին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:
Գրված էր՝ երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:
Ժամը 12։41-ին ԱՀ տեղեկատվական շտաբի միջոցով, ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տարածեց հաղորդագրություն այն մասին, որ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման՝ Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։
Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:
Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:
Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:
Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Օրվա ավարտին ԱՀ Տեղեկատվական շտաբը ներկայացրեց, որ րրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակում հավաքագրվում են տվյալներ՝ զոհված և ճակատագիրն անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ։
ԱՀ ՄԻՊ-ից հայտնեցին, որ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, հավաքագրված տվյալների համաձայն, կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված է 10 խաղաղ բնակիչ, որոնցից 5-ը երեխաներ են։ Ավելի քան 10 հազար մարդ այս պահին տեղահանվել է իրենց հայրենի համայնքներից։
Սեպտեմբերի 21-ին, օրվա մեջ պարբերաբար տարբեր պաշտոնական աղբյուրներից տեղեկացրին, որ Ադրբեջանական կողմը խախտել է կրակը դադարեցնելու մասին սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ:
Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի ունեցավ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Կողմերն ընդգծեցին՝ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ:
Սեպտեմբերի 22-ին ԱՀ տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:
Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը:
Սեպտեմբերի 22-ի տվյալներով՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և պետական այլ համապատասխան մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ և խնդրանք ՝ գտնելու անհետ կորած համարվող իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին և սիրելիներին։
Բացի այդ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ հաղորդագրություններ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։ Ադրբեջանական ալիքները խրախուսում են գտնել մարդկանց, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախի անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա համար գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք առանց այդ էլ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանն իրենց ահաբեկում է և սպառնում զանգերով ու նամակներով։
ՄԻՊ-ի որակմամբ՝ սա հայատյացության և ազգամիջյան ատելության ևս մեկ արտահայտություն է, որը միայն ապացուցում է, որ խաղաղ բնակչությունը չի ունենա անվտանգության երաշխիքներ, եթե լինի Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: