«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն 7 տարեկան է

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն 7 տարեկան է

«Հանուն հայ զինվորին» բանակի կողքին է 2016-ի ապրիլյանից հետո, այսօր, վաղը ու միշտ։ Այն հավատարիմ է սկսած գործին, նշանաբանին, չէ՞ որ պատերազմը միայն թղթով է ավարտվել:

Դավիթ Թորոսյան

«Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2016 թվականի օգոստոսի 26-ին: Հիմնադիր նախագահը Դավիթ Թորոսյանն է։

Դավիթը մինչև հասարակական կազմակերպություն հիմնադրելն էլ, արդեն իսկ ամենատարբեր ձևաչափերով զբաղվում էր նմանօրինակ ռազմահայրենասիրական գործունեությամբ, որն ապրիլյան ռազմական գործողություններից հետո՝ ի վերջո վերաֆորմատավորվեց որպես հասարակական կազմակերպություն, որի գործունեության հիմնական ուղղություններն են բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, զինծառայողներին և զորամասերին տարաբնույթ օժանդակության տրամադրումը, ՀԿ-ի անդամների կրակային պատրաստականության բարձրացումը, զորամասեր և մարտական դիրքեր այցերը և շփումները զինվորների հետ, բազմակողմանի և օբյեկտիվ լրատվության տրամադրումը, բանակին առնչվող ու հարակից թեմաների լուսաբանումը։

ՀԿ-ի ստեղծման նպատակը զինծառայողներին հնարավոր բոլոր միջոցներով աջակցություն ցուցաբերելն է՝ հոգեբանական, սոցիալական, նյութական, իրավական և այլ միջոցներով։

Դավիթ Թորոսյանի խոսքով՝ իր և իր թիմի համար կան սկզբունքներ, որոնք անփոփոխ են.

«Դրանցից են օրինակ՝ երբեք զինվորին տրված նյութական աջակցության վրա սեփական գովազդային ակցիա չկազմակերպելը, «սելֆիդայությամբ» չզբաղվելը և ամեն ինչ անելը հանուն հայ զինվորի, ինչպես որ կազմակերպության անվանումն է»։

2020թ.-ի հուլիսին Տավուշի մարզում ծավալված մարտական ակտիվ գործողությունները՝ ՀԿ-ի Banak.info կայքի համար լայնածավալ ինֆորմացիոն ուղեկցումով առաջին լուսաբանման փորձն էին, որը կարելի է գնահատել լավ, հաջողված։ Կայքն այդ օրերին ապահովել է ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն և իհարկե հիմնականում հայերեն լրահոս, ինչն ավելի մեծ թափով շարունակվել է սեպտեմբերի 27-ին սկիզբ առած Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ։

«Հանուն հայ զինվորին» բանակի կողքին է այսօր, վաղը ու միշտ։Աստված պահապան մեր հայրենիքին: