Անմահ հերոս Հովհաննես Թորոսյան 

Հովհաննես Յուրայի Թորոսյանը ծնվել է 2002թ.-ի  մայիսի 10-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Ունի կրտսեր քույր։ Նախնական կրթությունը ստացել է Աբովյանի կրթահամալիրում։

«Հովհաննեսը կարգապահ էր, առաջադեմ, սիրում էր միշտ առաջին տեղում լինել և ամեն գնով փորձում էր հասնել դրան։ Սիրում էր հայոց պատմությունը և իր ազատ ժամանակը միշտ օգտագործում էր պատմության գրքեր կարդալով։ Առանձնահատուկ շատ էր սիրում սպորտը, հատկապես սիրում էր զբաղվել ֆուտբոլով։ Տղաս հաճախել  է նաև բասկետբոլի` զբաղեցնելով մրցանակային տեղեր, կարելի է ասել սպորտով հանգստանում էր»,-պատմում է մայրը` տիկին Զվարթը։

Հովհաննես Թորոսյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը և ընդունվելուց  հետո՝ 2020թ.-ի հուլիսի 16-ին, զորակոչվել է բանակ։

«Հովհաննեսը շատ համեստ ու կրթված անձնավորություն էր, որն իր ուժերով գնաց և ընդունվեց համալսարան, իսկ հետո՝ դրական լիցքերով, եռանդով մեկնեց ծառայության։ Իր համար առաջնայինը ուսումն էր, որ զորացրվելուց հետո շարունակեր»,-պատմում է զինվորի մանկության ընկերը՝ Նորայրը, իսկ հետո հիշում է, որ իրենք տասը տարեկանից ընկերություն են արել, նույն շենքում ապրել ու միասին նույն դպրոցում են սովորել. «Ինքը ընկերոջ տխրությունը կիսող, նեղին հասնող տեսակ էր, իսկական ընկեր է եղել ինձ համար։ Պարզապես բառերով ասելու չէ, միայն  իր հետ շփված մարդիկ կհասկանան։ Հովհաննեսի բացակայությունը շատ-շատ  է զգացվում…»։

Հովհաննես Թորոսյանը երկու ամիս ծառայել է Կապանում, իսկ Արցախյան 44-օրյա պատերազմի  սկսվելուց հետո նրան  տեղափոխել են Արցախի Հանրապետություն (Ջրական)։

«Այդ օրերին  ինչքան զանգել ենք, հարցրել ենք, ոչ մի անգամ չի ասել, որ Ջրականում է, չի ուզել, որ իմանանք առաջնագծում  է, որպեսզի չանհագստանանք։ Զոհվելուց հետո ենք իմացել, թե որտեղ է եղել իրականում»,- ասում է մայրը։

Ծառայակից ընկերներից Գագիկը պատմում է, որ ինչպես բոլոր ժամկետային զինծառայողները՝ Հովհաննեսը նույնպես տրամադրված է եղել մարտական. «Ընկերս իսկապես տարբերվում էր իր պարզությամբ ու ընկերասիրությամբ։ Ասում էր, որ եթե գնում ենք՝ բոլորով ենք գնում, իսկ եթե մնում  ենք՝ դարձյալ բոլորով ենք մնում։ Դեպքի օրը հինգ հոգով ենք եղել, թշնամու դիվերսիան ներթափանցել էր խրամատ, ինչի արդյունքում տեղի է ունեցել մերձամարտ»։

Վերջին անգամ զինվորը տուն զանգել է 2020թ.-ի հոկտեմբերի 1-ին, երբ ընտանիքը եկեղեցու ճանապարհին էր. «Ասաց մամ ջան, որ չզանգեմ չանհանգստանաք, հեռախոսիս մարտկոցը քիչ է»,-պատմում է տիկին Զվարթն ու վերհիշում. «Էդ պահին սիրտս մի բան զգաց, բայց ես շատ էի հավատում իր խոսքին ու ինքս ինձ համոզում էի, որ իմ մտածածը սխալ է։ Դա եղավ մեր վերջին զանգը։ Հետո ինչքան զանգեցինք՝ չպատասխանեց։ Ավելի ուշ իր անունը տեսանք հեռուստատեսությամբ` զոհվածների ցուցակում։ ԴՆԹ-ի միջոցով ենք տղայիս դին գտել, հուղարկավորությունը հունվարի 19-ին է եղել»։

Հովհաննես Թորոսյանը զոհվել է 2020թ.-ի հոկտեմբերի 2-ին` Ջրականում, հերոսի աճյունը հանգչում է Աբովյանի զինվորական պանթեոնում։ Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան