Անմահ հերոս Դավիթ Խոսրովյան

Դավիթ Հրանտի Խոսրովյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 9-ին Ստեփանակերտում։ Նախնական կրթությունն ստացել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է թիվ 11 ավագ դպրոցում։ Ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի իրավաբանության բաժինը։
-Հինգ տարի զբաղվել է բռնցքամարտով, մասնակցել է տարաբնույթ մրցաշարերի զբաղեցնելով մրցանակային տեղեր։ Մի քանի անգամ առաջին հորիզանականն է գրավել։ Նպատակասլաց ու իր խոսքի տեր երեխա էր, եթե որոշել էր, որ պետք է զբաղվի բռնցքամարտով անպայման հասնելու էր իր նպատակին։ Նաև շատ էր սիրում նկարել, բայց չցանկացավ այդ ուղղությամբ գնալ: Սիրում էր օտար լեզուներ, հատկապես ռուսերեն։ 2019 թվականին է ավարտել ավագ դպրոցը, բայց իրեն այդ տարի բանակ չեն զորակոչել` տեսողության հետ կապված որոշակի խնդիրների պատճառով,- պատմում է մայրը` տիկին Նարինեն։
2020 թվականի հուլիսի 31-ին Դավիթը զորակոչվել է բանակ` ծառայության անցնելով Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Հադրութի շրջանում։ Ընդամենը երկու ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է 44-օրյա պատերազմը։ Ընտանիքի անդամները մեկ անգամ են կարողացել գնալ, տեսնել որդուն, քանի որ համաճարակով պայմանավորված չէին թույլատրում։ Ծառայությունից երբեք չի բողոքել, հարմարվել է շատ արագ, նոր ընկերներ է ձեռք բերել։
-Մենք ծանոթացել ենք ավագ դպրոցում։ Հետո միասին հրավիրված էինք խնջույքի, դրանից հետո սկսեցինք ավելի մտերիմ ընկերություն անել։ Շատ համեստ էր, կարելի է ասել ամաչկոտ, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր բան, որ ուզում էր անել ամեն գնով պայքարում էր, որ հասներ իր ուզածին։ Յուրահատուկ հումոր ուներ Դավիթը, ընկերական շրջապատում թեկուզ մի բանից նեղվեր, դա էլ էր հումորի միջոցով ասում, որ ոչ մեկի չնեղացնի։ Ցանկացած հարցով պատրաստակամ էր օգնելու, թեկուզ եթե չկարողանար, միևնույն է չէր մերժի,- պատմում է ընկերը` Հարութը։
Պատերազմի օրը Դավիթը զանգահարել է տուն, ասել, որ իր հետ ամեն բան կարգին է և ապահով տեղում են գտնվում, սակայն հետագայում պարզ է դարձել, որ առաջին իսկ օրերից մասնակցել են պատերազմական գործողություններին։
-Ձգտում էր, ամեն ինչի հասնել ինքնուրույն։ Զբաղվում էր սպորտով` բռնցքամարտով։ Արցախում տարբեր մրցումների է մասնակցել, մի անգամ էլ Երևանում է մասնակցել։ Իմ մեջ ամենաշատը տպավորվել է այն դեպքը, երբ հերթական մրցաշարերի ժամանակ Դավիթը մրցում էր իր ընկերոջ հետ և դիտավորյալ պարտվեց, երբ հարցրեցի ինչի համար այդպես արեցիր, ասաց՝ ես մեդալներ ունեմ ինքը չուներ, գոնե մի հատ մեդալ էլ ինքը նվաճի ,- պատմում է եղբայրը` Տիգրանը։
Հերոսաբար մարտնչելով թշնամու դեմ Դավիթ Խոսրովյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ականի պայթյունի հետևանքով, ծառայակից ընկերների խոսքով, օգնության է հասել բոլոր վիրավորներին, դուրս է բերել մարտի դաշտից` ինքը ևս լինելով վիրավոր։ Ընտանիքի անդամները Դավիթին գտել և հուղարկավորել են երկու ամիս անց։ Հերոսի աճյունը հանգչում է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը։
Ցավոք 2023 թվականի սեպտեմբերի 19-ին մեկնարկած ռազմական գործողություններից ու հայաաթափումից հետո` Դավիթի ընտանիքի անդամները դուրս գալով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից, լքում են հարազատ օջախը, հարկադրված թողնելով Դավիթի գերեզմանը Ստեփանակերտում։
Ցուցաբերած կամային բարձր որակների, արիության և անմնացորդ նվիրումի համար Դավիթ Խոսրովյանը հետմահու արժանացել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանի։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: