Մորս թուշը կպաչես ու կասես, որ էլ չեմ գալու. 44-օրյա պատերազմի մասնակից Համլետ Ունուսյանի խոսքերը ընկերոջը

Պատերազմը դեռ չէր ավարտվել, գնացի Եռաբլուրի եկեղեցի՝ մոմ վառելու, արյան կաթիլը մոմի վրայով՝ արցունքի նման իջավ, դա պատահական չէր, նշան էր…Հիշում է 44-օրյա պատերազմում զոհված Համլետի մայրը՝ տիկին Ծովինարը։

Համլետ Ունուսյանը 2019 թվականի հունվարի 9-ին էր զորակոչվել բանակ։ Ծառայությունն անցկացնում էր Մեխակավանում (Ջեբրայիլ)։

Մասնագիտությամբ խոհարար էր։ Մոր՝ Ծովինարի համար տղայի պատրաստած կերակուրներից ավելի համեղ աշխարհում ոչ մի կերակուր չկար։

«Իմ ու տղայիս ծնունդը նույն օրն է՝ հուլիսի 14-ին, միգուցե դրանից էլ էր, որ մի ուրիշ կերպ էի կապված տղայիս հետ։ Նա իմ կյանքի ամենամեծ նվերն էր։ Չափից դուրս համեստ էր, անգամ եթե բարկանայի վրան, չէր պատասխանի, միայն կժպտար, իսկ ես էլ ոչինչ չէի կարողանում ասել»,-ասում նա։

Հիշում է՝ Համլետն ինքն է ուզել ծառայությունն անցկացնել սիրելի Արցախում, ամեն անգամ ոգևորությամբ է խոսել Մեխակավանում ծառայության մասին։

Բարի էր ու անչափ նվիրված… Համլետի եղբայրը՝ Հայկը, ով ապագա սպա է և ՌԴ-ում սովորում է հակաօդային պաշտպանություն, եղբոր մասին խոսում է անսահման սիրով, կարոտով, հպարտությամբ ու միայն ներկայով։

«Ես ու Համոն հակապատկերներ ենք, ինքը շատ համեստ, ես՝ շատ աշխույժ, բայց կապված ենք իրար հետ, ինձ մի ուրիշ տեսակ էր սիրում, իր կողքին միշտ պաշտպանված եմ զգացել թիկունքիս ամուր կանգնած է եղել։ Որոշ ժամանակ միասին ենք ծառայել, հետո ինձ տեղափոխեցին Մարտունի, որից հետո մեկնեցի Ռուսաստանի Դաշնություն՝ կրթությունս այնտեղ շարունակելու»,- ասում է Հայկն ու ավելացնում,-«Մինչ պետք է գնայի եղբորս մոտ ծառայելու այնքան բան էր պատմել ընկերներին իմ մասին, որ արդեն գիտեին ինձ։ Շատ նվիրված էր, նույնիսկ անծանոթների նկատմամբ էր այդպիսին»,- ասում է Հայկն ու հիշում մի պատմություն,-«Մի անգամ, մինչ բանակ գնալը, Համոն աշխատանքի գնալիս հանդիպում է մի զինվորի, ով իրենից ինչ-որ ճանապարհ է հարցնում, Համոն էլ որոշում է, որ ինքն անձամբ պետք է զինվորին հասցնի նրա ուզած վայրը։ Զանգում, աշխատավայրում տեղյակ է պահում, որ գործի չի գնալու։ Հետո քաղաքով մեկ ման է տալիս զինվորին, վերջում էլ գումար է թողնում տղայի մոտ ու ճանապարհում։ Հա, Համոյի համար զինվորն այլ արժեք ուներ, իր հետ կռվող կամավորններն էլ են այդ մասին հաստատել, երևի զինվորի հանդեպ այդքան մեծ սեր ու հարգանք ունենալն էլ ստիպել է եղբորս մինչև վերջ մնալ լավ զինվոր»։

Պատերազմի օրերի մասին խոսելիս տիկին Ծովինարի դեմքը մռայլվում է, նորից սարսափելի օրերն է հիշում.

«Չգիտեմ՝ ոնց եմ ապրել այդ օրերին. անհանգստություն, վախ, սրանք էին ուղեկցում յուրաքանչյուր օր։ Զանգում, մի քանի բառ էր ասում այդ օրերին ու անջատում՝ ասելով, որ ամեն ինչ լավ է, որ անհանգստանալու առիթ չունեմ։ Մի անգամ զանգեց, հասկացավ, որ լացում եմ, դրանից հետո էլ ինձ չէր զանգում, չէր ուզում երևի լացած ձայս լսեր։ Ընկերներին էր զանգում, վերջին օրերին էլ զանգել էր ընկերներց մեկին ու ասել՝ «մորս թուշը կպաչեք ու կասեք, որ էլ չեմ գալու»։ Բալես զգացել էր…»,- արցունքների միջից պատմում է տիկին Ծովինարը։

Նրան տղայի զինակից ընկերները պատմել են, որ Համլետը կռվել է մինչև վերջին շունչը, նորակոչիկներին է պաշտպանել, չի թողել, որևէ վտանգի մեջ ընկնեն. «Պատերազմի ժամանակ եղել է Մեխակավանում, հետո՝ Հադրութում։ Ասում էին՝ մեկ այլ ոգևորությամբ է կռվել, չի թողել իրեն վստահված դիրքը, կռվել է մինչև վերջին շունչը»։

Համլետը մահացել է հրազենից արձակված կրակոցից։ Ընտանիքի անդամները մոտ 6 ամիս հստակ ոչինչ չեն իմացել նրա մասին։ Հունիսին 11-ին են նրանց հանձնել տղայի աճյունը։

Տիկին Ծովինարը պատերազմից հետո սկսել է հավատալ նախախնամություններին.

«Պատերազմի օրերին անընդհատ երազներումս Եռաբլուրի եկեղեցին էի տեսնում։ Մի անգամ ծնկի եկած՝ լացելով աղոթում էի եկեղեցում, տղաս եկավ բարձր ձայնով գոռաց վրաս, մինչև հիմա այդ ձայնն ականջներումս է, երևի երբեք էլ դուրս չի գա ականջներիցս։ Մի օր գնացի այդ եկեղեցի՝ մոմ վառելու ու այդ ժամանակ մի բան պատահեց, ինչից ապշած էի. արյան կաթիլը մոմի վրայով՝ արցունքի նման իջավ, դա պատահական չէր, նշան էր, կարծես հուշեր, թե ինչ է լինելու։

Տղայիս հոգեհանգստի արարողությունը շատ պատահական հենց այդ եկեղեցում էլ արեցինք, այսօր այդ եկեղեցին նայում է ուղիղ իր գերեզմանին, մի տեսակ անհավատալի զուգադիպություններ եղան, բայց հիմա վստահ եմ, ոչ մի բան պատահական չէր»։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մերի Գևորգյան