Մեր ժամանակների Նժդեհը. անմահ Հերոս  Հայկ Ալեքսանյան

Հայրենասեր, հայրենապաշտ, ազգասեր Հայկ Սամվելի Ալեքսանյանը Դ-30 հրետանային մարտկոցի հրամանատար էր, մասնագիտական նեղ շրջաններում հայտնի պատերազմի աստվածներից։
Ծնվել է 1991 թվականի հունվարի 7-ին Գյումրի քաղաքում։ Աշխույժ էր, խելացի, ընկերասեր։ Կարմիր դիպլոմների դափնեկիր է։ Ուսուցիչները մինչև հիմա էլ հիշում և հպարտանում են իրենց խելացի և օրինակելի աշակերտով։ 2009-ին սեփական ուժերով ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ 2013-ին ավարտել է համալսարանն ու լեյտենանտի կոչումով նշանակվել Վայքի հրետանային դիվիզիոնում դասակի հրամանատար։ Վայքի Հայկոյի մասին խոսելիս Նժդեհյան գաղափարներն ու հայրենսիրությունը մոռանալ չի կարելի։
– Հայկը Նժդեհ էր սիրում ու ուսումնասիրում, ուխտի էինք գնում Նժդեհի գերեզմանին Սպիտակավոր վանքում։ Հետը պայմանավորվել էինք՝ Նախիջևանը ազատագրելուց հետո պետք է գտնեինք Նժդեհի տունը, բարձրանայինք Օձասարը,- պատմում է Հայկի ծառայակից ընկերը՝ կապիտան Արմեն Սիմոնյանը։
Հայկը հայրենասիրական ոճով էր անգամ սեր խոստովանում։ Նշանածին՝ Լիլիթին ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»,- Լեոնիդ Ազգալդյան, «Ես քեզ սիրում եմ և վերջ»,-Հայկ Ալեքսանյան։
Հայկը պատրաստված հայրենասեր սպա էր։ Իր ժպիտն ու խստությունը զինվորներին զգաստացնում էր. սիրում էր զինվորին, հետները խոսում երկար տարբեր թեմաներից, բայց մեկ է վերջում, իհարկե, հոգու հայացքը դեպի լեռներն ու հայրենիքն էին։
«Երանի գար ու կայանար «Նոր հայը», տեսնեինք կամ լինեինք Նժդեհի ասած էդ սերունդը։ Նրա ընտրյալ այն ազգը, որ խոսում է նրա լեզվով, ստացել է նրանից դրախտային ավետյաց երկիր՝ Էրգիր, ստացել է ու կորցրել, ստացել է հրաշագործ այբուբենը, կրում է նրա «ՀԱՅ» անվանումը…

Շատ ենք հեռացել մեզնից, վերադառնալ է պետք»,- իր նոթատետրում գրել է Հայկը։
– Շփվող էր, ընկերասեր, դրան համապատասխան ծանր, սիրում էր կոկիկություն, եթե մի բան վերցնում էի, ապա պիտի տեղը դնեի։ Իր զինվորների հետ էլ եմ շատ շփվել, ասում էին՝ խստապահանջ է ու պարտադրող, բայց ընկերոջ նման կողքն է եղել, իրենից չէին վախենում, իրեն հարգում ու սիրում էին,- պատմում է հերոսի եղբայրը՝ Գեղամ Ալեքսանյանը։
Կենսախինդ էր, զորամասում առիթ լինելու դեպքում առաջինն ինքն էր պարում, ինքնուրույն հայկական պարեր էր սովորել և ցանկանում էր, որ զինվորները ռազմապարեր ուսումնասիրեն։ Ինքնուրույն ու յուրովի էր նաև բացահայտում հայրենիքը։ Հայկի հայրենասիրությունը երևում է նաև իր հայրենաճանաչման մեջ։ Սիրում էր արշավներ, հայրենիքի ամեն քար ու թուփ սիրում էր։ Շատ էր կարդում, Նժդեհի գրքերն անկողնու կողքին էին։ Հարազատներին նվերներ ընտրելիս էլ հաճախ կանգ էր առնում գրքերի վրա։
Հայկի երզանքներից էր նաև ընտանիք կազմելը, չորս երեխա էր ուզում ունենալ։ Երազանքն էր, որ առաջնեկն աղջիկ լինի, ասում էր՝ տղաներ շատ ունեմ՝ նկատի ունենալով իր զինվորներին։ Հոկտեմբերի 20-ին պիտի ամուսնանար, բայց պատերազմը սկսելուց արդեն մարտկոցի հրամանատար կապիտան Հայկ Ալեքսանյանն առաջիններից էր մարտի դաշտում։ Երեք դիրք է ղեկավարել Ջաբրաիլում։ Իր հրամանատարության ժամանակ մարտկոցից ոչ ոք չի զոհվել։ Թշնամական ուժերին մեծ մարդկային և տեխնիկական կորուստներ հասցնելուց հետո՝ հոկտեմբերի 9-ին Հայկը անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել է և հիվանդանոցի ճանապարհին անմահացել։
-Հայկն իր նոթատետրում կանխատեսել էր պատերազմի մասին, բայց երբեք չէր մտածում թե այնտեղից հետ չի գա։ Իր նպատակն էր Լիլիթին երջանիկ տեսնելը… Հայկի մահից հետո ես զգում էի պատերազմի պարտությունը։ Հայկը միայն մի դեպքում չէր վերադառնա, եթե պարտվեինք պատերազմում։ Հայկը կապրի այնքան, ինչքան ես ու մնացած մարդիկ կհիշենք Հայկին։ Ես իմ ապրելով կապրեցնեմ Հայկին,- նշում է Հայկի հարսնացուն՝ Լիլիթ Մեժլումյանը։
-Ես հավատում էի Հայկի հաղթանակին, ու հաղթեցին, նա չնահանջեց, հողի համար պայքար տվեց,- պատմում է Հայկի ընկերը՝ Արմեն Սիմոնյանը։
Հայկի հուղարկավորությունը հոկտեմբերի 19-ին էր, հենց հրետանավորի օրը, պլանավորված հարսանիքից մեկ օր առաջ։

Սիմոն Հովհաննիսյան