Անմահ հերոս Դավիթ Գևորգյան

Դավիթ Հովիկի Գևորգյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 6-ին՝ մայրաքաղաք Երևանում։
Մոր խոսքով՝ Դավիթը բազմազան հետաքրքրություններով ապրող, անընդհատ որոնող տեսակ էր․ նա ուներ իր փոքրիկ աշխարհները, որոնց մեջ խորասուզվում էր ամբողջությամբ, և եթե ինչ-որ բան իսկապես նրան հետաքրքրում էր, անպայման հասնում էր հաջողության։
Դավիթը սիրում էր ֆուտբոլը և առանձնահատուկ հիացմունք ուներ իսպանացի դարպասապահ Կասիլիասի հանդեպ։
Պատանեկության տարիներին՝ բակի տղաները, երբ ցանկանում էին նրան խաղի կանչել, չէին հարցնում՝ «Դավիթը տա՞նն է», այլ ասում էին՝ «Կասիլիասը տա՞նն է»։
Երկար ժամանակ զբաղվել է լողով, բայց Դավիթի իրական աշխարհը սկսվում էր լուսանկարչական ապարատից։ Ապարատը նրա ամենասիրելի «խաղալիքն» էր։ Մանկուց տիրապետում էր տեխնիկայի բոլոր մանրուքներին ու նույնիսկ տասնմեկ տարեկանում տեսամոնտաժ էր անում․ սկզբում ինքնուրույն՝ համացանցից սովորելով, հետո՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ էլ խորացրեց գիտելիքները։
Լուսանկարչությանը զուգահեռ Դավիթի կյանքում կարևոր տեղ ուներ նաև երաժշտությունը։ Ավարտել է Երևանի Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժինը։ Սիրում էր նվագել ու երգել և ընկերական հավաքները հաճախ սկսվում ու ավարտվում էին կիթառի շուրջ։
Սամվել Գևորգյանի անվան թիվ թիվ 189 ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ 2018-ին, Դավիթն ընդունվեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի՝ Կուլտուրայի ֆակուլտետ․ օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության բաժին։ Մեկ տարի անց՝ 2019 թվականի հուլիսին, զորակոչվեց հայկական բանակ։ Վեց ամիս ծառայեց Արմավիրի ուսումնական զորամասերից մեկում։
Մայրը պատմում է, որ երբ հարցնում էր՝ «Ո՞նց ես ու արդյո՞ք ծառայությունը բարդ չէ», Դավիթը միշտ ժպտալով պատասխանում էր․ «Լուսո՞, հո Ինչուիկ մանկապարտեզ չեմ եկել, ծառայություն է էլի, կացնի․»։
Վեց ամիս անց՝ 2020 թվականի հունվարից տեղափոխվեց Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Վարանդայի շրջանի զորամասերից մեկը։ «Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Դավիթից որևէ դժգոհություն չլսեցի։ Պատասխանը միշտ նույնն էր՝ «Ամեն ինչ նորմալ է»։ Միայն մեկ անգամ հարցրեց, թե Երևանում ի՞նչ են մտածում։ Վերջին զանգը հոկտեմբերի 16-ին էր։ Մի քանի բառ ասաց՝ «Տեղս հարմար չի, հենց հարմար լինի՝ կզանգեմ…»։ Այլևս չզանգեց»,-պատմում է մայրը։
Վարանդայի զորամասում մնացած փոքրաթիվ զորքին նահանջի հրաման է տրվում։ Մի քանի մեքենայով շարժվում են դեպի Մարտունի։ Դավիթը սալջարդ (կոնտուզիա) էր ստացել և եղել վիրավորների մեքենայում։ Ընտանիքի բարեկամներից մեկը, որը մեկ այլ մեքենայում էր, պատմում է, որ շարժվելուց առաջ խնդրել է Դավիթին նստել իր մեքենան, քանի որ վիրավորների մեքենան անսարք էր թվում։ Դավիթը հրաժարվել է. «Ես ոտքի վրա եմ։ Տղերքի վիճակը ծանր է, պատգարակի վրա են, օգնում եմ, ո՞նց թողնեմ»,-ասել է նա։
Ճանապարհին մեքենան փչանում է։ Տղաները կանգնում են և փորձում թաքնվել տարածքում։ Ռադիոկապով օգնություն են խոստանում, բայց այն այդպես էլ չի հասնում։ Տասնհինգ վիրավոր զինվորների ճակատագիրը երկար ժամանակ մնում է անորոշ։ 2021 թվականի մարտին՝ Կարմիր շուկայի տարածքում թշնամին հայկական կողմին է փոխանցում մասունքներ։ Պատերազմից մեկ տարի անց նույնականացված տասնչորս մասունքներով հաստատվում է նաև Դավիթի մահը։
Հոկտեմբերի 16-ին՝ վերջին զանգից ուղիղ մեկ տարի անց, տեղի է ունենում հուղարկավորությունը, որին ներկա է գտնվում զորամասի դասակի հրամանատար Կարեն Ավետիսյանը և անձամբ է հանձնում «Արիության» մեդալն ու պատմում, թե ինչպես էր կռվում Դավիթը․ «Սկզբում գործուղության գնալիս կամավորության սկբունքով էի տանում տղաներին, հարցնում էի՝ ո՞վ է գալիս։ Չի եղել դեպք, որ Դավիթը առաջ չգա ու պատրաստակամություն չհայտնի։ Հետո հասկացա, որ միշտ նույն մարդիկ են առաջ գալիս և որոշեցի ինքս ընտրել։ Պատահել է, որ տանկի ամբողջ անձնակազմի երեք գործողություններն էլ միայնակ է իրականացրել։ Պահել է կրակը, տղաներին դուրս բերել վտանգավոր իրավիճակից։ Ինձ հետ հավասար է կռվել։ Պատերազմի դաշտում ես տեսել եմ ոչ թե տասնինը տարեկան տղայի, այլ ինձ հասակակից՝ քառասուն տարեկան հասուն տղամարդու»։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Արինա Վարդերեսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: