Անմահ հերոս Արման Անդրասյան

Արման Անդրասյանը ծնվել է 1996 թվականի հուլիսի 11-ին՝ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում։ Արմանն Անդրեասյանների ընտանիքի հինգերորդ արու զավակն էր, որը փոքր տարքից միշտ երազանք է ունեցել սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, սակայն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ չի ստացվել։

Դպրոցական տարիներին Արմանն աչքի է ընկել իր լավ սովորելով։ Նա ըմբշամարտով է զբաղվել, մշտապես գյուղատնտեսական աշխատանքներում օգնել ընտանիքին, քանի որ շատ կոփված ու ուժեղ երիտասարդ էր։

Հարազատները հիշում են, որ Արմանը  դպրոցական  բոլոր տետրերի մեջ մշտապես սրբապատկերներ ու խաչեր էր նկարում, շատ աստվածավախ էր։

2015 թվականին՝ մեծ ոգևորությամբ, Արմանն անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի  Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մեխակավանի N զորամասում։ Ծառայության ժամանակ աչքի է ընկել իր պատասխանատու վարքագծով, կարճ ժամանահակատվածում մասնակցել է սերժանտական դասերի ու ստացել սերժանտի կոչում։

2016 թվականի ապրիլին՝ հակառակորդը անցել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունների արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Մեխակավանի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների ժամանակ՝ անհավասար մարտում, ապրիլի 2-ին Արմանը զոհվել է՝ վիրավոր ընկերոջն օգնության հասնելու պահին։ Գործողությունների ընթացքում՝ նույն տեղամասում են զոհվել  ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, շարքայիններ՝ Գրիգոր Հարությունյանը, Նորիկ Սարգսյանը, Արթուր Գևորգյանը և Ազատ Սիմոնյանը։

Արման Անդրասյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան