Անմահ հերոս Գևորգ Մղդեսյան

Գևորգը ծնվել է 1996 թվականի փետրվարի 16-ին՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։ 2013 թվականին ավարտել էր թիվ 2 ավագ դպրոցն ու իր ուժերով ընդունվել Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոֆիզիկայի բաժինը:
Ինչպես հիշում է Գևորգի եղբայրը, նա շատ էր սիրում ազգագրական պարեր, երգեր, այն ինչ հայկական էր՝ Գևորգի համար սիրելի էր, շատ էր սիրում յարխուշտա պարել։
Ուսումը կիսատ թողնելով՝ 2014 թվականին անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի N զորամասում` որպես գնդացրորդ:
2015 թվականի օգոստոս ամսին արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով գրանցվել էր լարվածության աճ։ Այդ օրերին Գևորգը թշնամու դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է կասեցրել, որի արդյունքում բեկորային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, դեռ լիարժեք չապաքինված՝ շտապել է վերադառնալ ծառայության, ինչի համար արժանացել է «Նելսոն Ստեփանյան» մեդալի։
2016թ․-ի ապրիլին թշնամու կողմից սկսած լայնամասշտաբ գործողությունների ժամանակ՝ թշնամուն հակահարված տված զինվորներից մեկը Գևորգն է եղել։
Ապրիլի 7-ի` լույս 8-ի գիշերը, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, օգտագործելով տարբեր տրամաչափի զինտեխնիկա, որի արդյունքում՝ սահմանագոտու հյուսիսարևելյան մասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը:
Գևորգը Մղդեսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: