Անմահ հերոս Մամիկոն Աքուլյան

Մամիկոն Աշոտի Աքուլյանը ծնվել է 1993թ-ի մարտի 6-ին Վանաձորում։ Նախնական կրթությունը ստացել է Վանաձորի թիվ 18 հիմնական դպրոցում։

Սիրում էր  երգել, իր մոտ շատ լավ էր ստացվում, հաճախել է խմբակների։ Դասղեկն իրեն մշտապես ընդգրկել է դպրոցական բոլոր միջոցառումներին, դերասանական տաղանդով էր աչքի ընկնում։ Դպրոցով մրցույթի էին մասնակցում և այդ ժամանակ Հ. Թումանյանի «Գիքորը» պատմվածքն  էին բեմադրել ու հաղթել,- պատմում է մայրը ու շարունակում, որ թեև որդին երազել է բժիշկ դառնալ, սակայն ավարտական տարիներին մտափոխվել է և որոշել ընտրել զինվորականի մասնագիտությունը։

Մենք բոլորս դեմ էինք, բայց նա իր ՆԶՊ առարկայի (Նախնական զինվորական պատրաստություն) ուսուցչուհու հետ թղթերը տվել էր, որ ընդունվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

Մամիկոն Աքուլյանը 2010 թ-ին ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան պետական համալսարան։ Ուսումն ավարտելուց անմիջապես հետո անցել է աշխատանքի Արցախի  Հանրապետությունում` Թալիշում (օկուպացված է Ադրբեջանի կողմից)։

2016թ.-ի քառօրյա պատերազմի ժամանակ եղել է Թալիշի դիրքերում՝ խիզախաբար մարտնչելով հակառակորդի դեմ։ Պատերազմի ավարտից հետո ծառայությունը շարունակել է ԱՀ Մատաղիս գյուղում։

44-օրյա պատերազմն սկվելուց մեկ շաբաթ առաջ եղել է արձակուրդում։ Այդ ժամանակ իր պաշտոնը բարձրացրել էին՝ մայոր էր արդեն։ Իրեն հասանելիք յոթ օրվա արձակուրդից ընդամենը երկու օր է մնացել, քանի որ շտապ կանչել են, որ պատրաստվեն ռազմական գործողությունների, – պատմում է մայրը` տիկին Նարինեն։

Պատերազմի ընթացքում մշտապես զանգահարել է տուն, իր բնավորությանը հատուկ ոչ մի բան չի պատմել պատերազմական գործողությունների ընթացքից, այլ մորը հանգստացնելով ասել է, որ ամեն ինչ կարգին է, անհանգստանալու որևէ պատճառ չկա, անպայման հաղթելու են և ինքը միշտ կա։ Մեծ ոգևորությամբ ասել է, որ չկա հետադարձ ճանապարհ անպայման հաղթելու են։

Պատերազմական գործողությունների ընթացքում, ընտանիքի անդամները համացանցով տեսնում են Մամիկոն Աքուլյանի և իր ծառայակից ընկերների լուսանկարները, որոնք նկարվել էին «44-ի տղերքը» գրքի հեղինակ Դավիթ Թորոսյանի կողմից։

Սիրել է իր մասնագիտությունը, մինչև վերջ նվիրվելով մենակ չի թողել իր զինվորներին մարտնչել է մինչև վերջին շունչը։

Մամիկոնի ծառայակից ընկերներից Հայկը այսպես է բնութագրում մարտական ընկերոջը` «անվախ էր, գրագետ կարողանում էր ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ կայացնել, շատ լավ կանոնադրային փոխահարաբերությունների մեջ էր բոլորի հետ, զինվորական անձնակազմը   իրեն ընդունել ու սիրել են այնպես, ինչպես ինքը կար։ Թալիշի մարտերի ժամանակ մինչև վերջ եղել է իր զինվորների հետ և նույն ժամանակ իր վաշտով ՊՆ-ի սպեցնազին աջակցել է շրջափակման մեջ չհայտնվելու գործում։  Անձնակազմի հետ առաջ է գնացել  «գիծ փակելու», որպեսզի հակառակորդի առաջխաղացումը կասեցվի և այդ ժամանակ էլ զոհվել է հրետակոծության հետևանքով,- պատմում է ծառայակից ընկերներից Հայկը։

44-օրյա պատերազմի օրերին Մամիկոն Աքուլյանը նշանակվել է մոտոհրաձգային գումարտակի շտաբի պետ, զգալի կորուստներ է պատճառել թշնամուն։ 42 օր  թեժ մարտեր է մղել ոսոխի դեմ և զոհվել նոյեմբերի 7-ին Վարանգաթաղի բարձունքում։ Հուղարկավորվել է Վանաձորի զինվորական պանթեոնում։

Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով,  Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան