Անմահ հերոս Սիմոն Արթենյան

2001 թվականի հունիսի 25-ին՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում, ծնվել է Արթենյանների ընտանիքի որդին՝ Սիմոն Խաչիկի Արթենյանը։ Ընտանիքի ուրախությունը աննկարագրելի է եղել, որովհետև Սիմոնը շատ սպասված բալիկ էր։

Տղայի մանկությունն անցել է երկու քույրերի հետ. «Ինչքան էլ, որ տարիքային տարբերություն կար նրանց միջև, միևնույն է՝ քույրերը անընդհատ Սիմոնից խորհուրդ էին հարցնում, որովհետև շատ խելացի էր ու լրջմիտ»,-ասում է մայրը՝ Անուշը։

2007 թվականին Սիմոնը ընդունվել է Մրգաշատի Մ.Մաղաքյանի անվան միջնակարգ դպրոց։

«Շատ կարգապահ և աշխատասեր էր, բոլոր ուսուցիչների հետ ջերմ հարաբերության մեջ էր։ Իրենք երեք ընկերներով շատ մտերիմ էին միմյանց հետ, դպրոցի գրեթե բոլոր միջոցառումներին մասնակցում էին՝ որպես հաղորդավարներ։ Դպրոցից ինձ տվել են  որդուս տետրերն ու շարադրությունների մեծ մասը, որոնք հայրենասիրական թեմաներով են։ Բոլոր առարկաներն էլ շատ էր սիրում, անգամ ուսուցիչները՝ ավարտելու տարիներին ասում էին, որ կրկնուսույցի մոտ պարապելու կարիք չունի Սիմոնը, որովհետև կարող ուժ է»,-պատմում է մայրը։

Սիմոնը կարդալ շատ էր սիրում ու սիրում էր հատկապես Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը, ասում էր՝ «Ով չի կարդացել այդ վեպը, նա հայ կոչվելու իրավունք չունի»։

Տղան շատ կապված էր տատիկի ու պապիկի հետ, մայրը հիշում է, թե ինչպես մի անգամ՝ անձրևի ժամանակ, Սիմոնը վերցնում է անձրևոցն ու հեծանիվով գնում է տատիկին ու պապիկին բերելու, որպեսզի չթրջվեն։

Տղան ճագարներ էր շատ սիրում, այն դարձել էր պատանու փոքրիկ բիզնես մտահղացումը. բազմացնում էր ճագարներին և վաճառում։

«Մենք միշտ միասին ենք եղել, Սիմոնս  շատ-շատ կենսուրախ ու բարի էր, շատ բարի սիրտ ուներ, որ տեսներ մեկը հագին շոր չունի՝ կհաներ և կտար։ Անգամ խանութ, որ գնում էր, եթե շփոթվեին և մանրը ավել տային՝ անմիջապես հետ էր վերադարձնում: Գրեթե միշտ,  անգամ փոքրուց ասում էր՝ «Մա՛մ, քույրիկներիս համար արա ամեն ինչ, ինձ այդքան էլ պետք չի»։ Շատ ուշադիր էր և հոգատար, տոն չի եղել, որ մեզ նվերներ չանի։ Տատիկիս հետ է միշտ եղել, իր մանկության ուտելիքները եղել են ձվածեղը և կարտոֆիլը, մանուկ ժամանակ՝  տատիկի հետ անընդհատ թաքուն պաղպաղակ էին ուտում»,-պատմում է քույրը՝ Արմինեն։

Հարազատների խոսքով՝ նա բնավորությամբ շատ հանգիստ էր, երբ շրջապատում ինչ-որ մեկը խուճապի էր մատնվում, Սիմոնը ասում էր՝ «Մի՛ անհագնստացեք, միևնույն է՝ ինչ-որ լինելու է, կլինի»։

Աստվածապաշտ էր շատ և աստվածավախ, շատ էր ընթերցում Աստվածաշունչ։

2016 թվականի Ապրիլյան պատերազմը շատ ծանր է անդրադարձել Սիմոնի հոգեբանության վրա ու հենց այդ տարում՝ նրանք ընտանիքով տեղափոխվել եմ արտերկիր, հիմնական բնակություն հաստատելու, սակայն Սիմոնը մի քանի ամիս մնալուց հետո՝ չի հարմարվել և համոզել է ընտանիքի անդամներին վերադառնալ Հայաստան։

«Սիմոնը վերադարձավ, հետո մենք նույնպես եկանք Հայաստան, որովհետև չէինք կարող նրան մենակ թողնել։ Ամանորի գիշերը Սիմոնը եկավ և աչքերը լցրած խնդրեց, որ տոնական սեղան չպատրաստեմ, միայն միրգ ու թխվածք դնեմ։ Գնաց, մոմեր բերեց ու բոլոր պատուհանների մոտ, որ վառի, ասաց` «Սա տղաների համար»: Անընդհատ հիշում էր Ապրիլյան պատերազմում զոհված տղաներին, ասում էր՝ «Կյանքը կարճ է, պետք է բարի լինենք»։ Ասում էի՝ ինչու՞ ես անընդհատ այդ թեմաներով խոսում, ասում էր՝ «Մա՛մ ջան, ես բանակ եմ գնալու, եթե ինձ մի բան լինի, պետք է դիմանաս»։ Ես  չէի ուզում ընդհանրապես խոսեի այդ թեմաներով, անգամ չէի ուզում պատկերացնել, որ կարող է նման բան լինել»,-պատմում է մայրը։

Սիմոնի մորաքրոջ որդին զոհվել է այն ժամանակ, երբ Սիմոնը դեռ փոքր է եղել ու անընդհատ մորն ասել է՝ «Ինչ լավ է, որ ես չեմ գիտակցել, թե ինչ է կատարվել, հակառակ դեպքում՝ ինձ համար շատ դժվար կլիներ»։

2019 թվականին Արթենյանը ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենաշինարարական բաժին, սակայն ցանկանում էր ծրագրավորողի մասնագիտությամբ շարունակել կյանքի հետագա ուղին։ Նա մորը վստահեցրել էր, որ բանակից վերադառնալուց հետո՝ անպայման կփոխի բաժինը։

Երբ հերթական ստուգումներ էին իրականացվում բանակ զորակոչվելու համար, Սիմոնին ասել են, որ պետք է երեք տարով հետաձգեն ծառայությունը, քանի որ սրտի առիթմիա ունի, սակայն նա չի համաձայնվել, ասել է՝ «Ի՞նչ եք խոսում, ես պետք է տղերքի հետ գնամ, նրանց հետ էլ հետ գամ»։  Գնացել է, դիմում է գրել, որպեսզի չհետաձգեն ծառայությունը։ Հուլիսի 15-ին զորակոչվել է Հայկական բանակ։ Ընկերները՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Ջրականի շրջանի զորամասերից մեկն էին զորակոչվել, իսկ ինքը՝ անընդհատ ասում էր, որ պետք է «Եղնիկների» զորամասում ծառայի, սակայն զորակոչվում է Դիլիջան քաղաքի զորամասերից մեկը՝ որպես հրետանավոր։ Ծառայությունից տասը  օր անց շնորհակալագիր է ստանում իր պահվածքի և բարեխիղճ ծառայության համար։

Սիմոնը սիրահարված է եղել մի աղջկա, որին բանակ զորակոչվելուց առաջ ասել է՝ «Եթե սրտումդ մի փոքր տեղ ունես ինձ համար, ուրեմն հաստատ կսպասես ինձ»։

«Ազգային հերոսներից Մոնթեին էր շատ սիրում, 2016 թվականից հետո՝ Ռոբերտ Աբաջյանին, ասում էի՝ Սիմ, դու բանակ չես գնալու, ես պիտի ամեն ինչ անեմ, որ դու բանակ չգնաս, ասում էր՝ «Մա՛մ ջան, ասա, ու՞մ ծնողից ես դու ավելի լավը, կամ ու՞մ տղայից եմ ես լավը։ Ես անպայման ծառայելու եմ մամ ջան»»,-պատմում է մայրը։

Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց  Արցախյան 44-օրյա պատերազմը, Սիմոնի ընտանիքի անդամները մի-փոքր հանգիստ էին Սիմոնի համար, որովհետև նա պատերազմի գոտում չէր, սակայն Սիմոնին նախ տեղափոխել են Շամշադինի դիրքեր, այնուհետև՝ Իջևանի դիրքեր։ Հոկտեմբերի 6-ին տեղափոխել են Արցախի Հանրապետություն, սակայն մորը չի ասել, միայն քրոջն է զանգել, տեղեկացրել, ասել է՝ «Գնում ենք Արցախ, մամային չասես, գնում եմ ախպերներիս մոտ՝ Վահրամիս ու Նարեկիս մոտ, ամեն ինչ լավ ա լինելու, հաղթելու ենք»։

«Հոկտեմբերի 7-ին վերջին անգամ զանգեց ինձ, ասաց՝ «Բարև մամ ջան, ո՞նց եք, ես շատ լավ եմ մերս, չմտածես։ Կապը էստեղ թույլ է, էլ չեմ կարողանա զանգել», ասացի՝ տղե՛ս, գիտես, որ  անհանգիստ կլինեմ, գոնե կգրես, ասաց հա ու անջատեց, շատ ուրախ էր խոսում չգիտեի, որ արդեն Արցախում է՝ Ջրականում»-, պատմում է մայրը։

Մարտական գործողությունների ժամանակ նա սառնասրտորեն ջախջախիչ հարվածներ է հասցրել հակառակորդին՝ պատճառելով կենդանի ուժի կորուստներ։ Զոհված  ընկերներին՝ իր կյանքի գնով դուրս է հանել դիրքերից։

«Երբ ծառայակից ընկերները եկան մեր տուն, հարցրի՝ գոնե աղոթու՞մ էիք, ասացին՝ «Սիմս էր աղոթում, մեզ էլ սովորեցնում էր աղոթել», ասում էր՝ «Տղե՛րք, կանգնած տեղն էլ աղոթեք»»,-ասում է մայրը։

Սիմոն Խաչիկի Արթենյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին։

Հայրենիքի հանդեպ իր անմնացորդ նվիրումի համար՝ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ելենա Հովհաննիսյան