Անմահ հերոս Հակոբ Եղիազարյան

Հակոբ Վարդանի Եղիազարյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 4-ին Երևանում։ Սովորել է Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Զբաղվել է «Քինգ բոքսինգ» մարզաձևով։ Զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի հունվարի 16-ին: Ծառայել է  լեգենդար ՑՈՐ զորամասում։ Չափազանց զուսպ, հավասարակշռված ու բանիմաց լինելու շնորհիվ արժանացել է կրտսեր սերժանտի կոչման, հրետանավոր էր։

Պատերազմի առաջին օրվանից մասնակցել է Հադրութի, Վարանդայի, Ակնայի, Քարինտակի և Շուշիի համար մղվող մարտերին։ Զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիում:
Հակոբի մայրը` տիկին Գայանեն, զրույցում պատմեց.

-Բարձր տրամադրությամբ գնաց բանակ, ծառայության ընթացում ոչ մի անգամ չի տրտնջացել։ Չափազանց պատասխանատու մարդ էր: 2020 թվականի հունվարին գնացի Արցախ՝ որդուս տեսության, ասեց՝ մամ հեռախոսս հրամանատարը տեսել է ու վերցրել, գնամ վերցնեմ հետդ Երևան տար արդեն ամոթ կլինի, եթե նորից մոտս հեռախոս տեսնի, (նմանատիպ հեռախոսն արգելվում էր բանակում)։
Ուրախացա, որ պատասխանատվությամբ է առաջնորդվում նաև բանակում: Վերջին անգամ խոսել եմ նոյեմբերի 7-ին՝ առավոտյան 11։30-ին։
Ինչպես միշտ ասաց՝ քեզ լավ նայի, մամ, իմ մոտ ամեն ինչ լավ է:

Հակոբի ծառայակից ընկերը` Մասիս Հովհաննիսյանը նշեց.
-Հակոբը շատ խելացի ու պարտաճանաչ զինվոր էր, նա չէր սիրում ուշանալ, միշտ իրեն տված առաջադրանքները հստակ ու ճիշտ ժամանակին կատարում էր, որ ոչ ոք չկարողանար իրեն թերանալու համար նկատողություն անել։ Ինքը բնավորությամբ շատ համառ ու անկոտրում մարդ էր, միշտ ձգտում էր ավելիին, եղածով չէր բավարարվում, փորձում էր ամեն ինչում առաջինը լինել։ Շատ էր սիրում գրքեր կարդալ:
Հակոբի կուրսընկերուհին`Աննան նշեց, որ Հակոբը հավատարիմ ու շատ ուշադիր ընկեր էր.
-Իր ընկերներին մտածված էր ընտրում: Եթե ինչ
-որ մեկը խնդիր էր ունենում և Հակոբին դրա մասին պատմում էր, նա միանգամից ամեն ինչ կատակի էր վերածում ու ասում, որ անուղղելի ոչինչ չկա:

Հակոբի մարտական ընկերը` Սերյոժան, պատմեց, որ պատերազմի ժամանակ աչքի էր ընկել իր դիպուկությամբ.
-Կապվեցին մեզ հետ ու ասացին դիմացը տեխնիկա կա, պետք է խոցել: Հակոբը առաջին իսկ փորձից խոցեց, հետո հաշիվը կորցրինք՝ ինչքան տեխնիկա խոցեց:

Իր կատարած բացառիկ սխրանքների համար Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով արժանացել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալների։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Անժելա Սեդրակյան