Անմահ հերոս Գրիգոր Մուրադխանյան
«Կյանքը սիրող ու կյանքով ապրող»,- այսպես է պատմում քույրը՝ Մարիամը, Գրիգոր Մուրադխանյանի մասին։ Գրիգորը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 9-ին Արարատի մարզի Այգեզարդ գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Արտաշատի պետական քոլեջում՝ ընտրելով ատամնատեխնիկի մասնագիտությունը։ Ուսումը կիսատ թողնելով՝ 2020 թվականի հունվարի 30-ին, մեկնել է պարտադիր ժամկետային զինծառայության Հադրութի N զորամասում։
«Ժպտերես, ընկերասեր խիզախ ու խելացի Գրիգորս երբեք չէր բողոքում ծառայությունից, ամեն օր զանգահարում էր, օր էր լինում մի քանի անգամ։ Մի օր ոգևորված զանգեց ու հայրիկիս պատմեց, որ դիրքերում մատուռ կա, որն անմխիթար վիճակում է, իր ջոկի տղաների հետ կարգի են բերել, մոմ վառել ու խոսք է տվել, որ հաջորդ անգամ դիրքեր բարձրանալիս մատուռի գմբեթին իր ձեռքով պատրաստած խաչը պետք է տեղադրի։ Խաչը տեղադրվեց, բայց մնաց թշնամու տարածքում»,- պատմում է քույրը։
Բարեխիղճ ու գերազանց ծառայության համար Գրիգորը ծառայությունը ժամանակավոր շարունակել է Արմավիրի ուսումնական զորամասում։ Ստացել է կրտսեր սերժանտի զինվորական կոչում և Հադրութում ծառայության անցել որպես հրաձգային ջոկի հրամանատար։
Մենք նախանձելի քույր ու եղբայր էինք, ամեն ինչ պատմում էր ինձ, միշտ ասում էր, որ տարիքը կապ չունի մտածողության հետ, կարևոր չէ թե մարդ ինչքան կապրի, կարևոր է, որ մաքուր ապրի ու հիշվի։ Չնայած հիմա ֆիզիկապես ինձ հետ չէ, բայց ամեն պահ զգում եմ իր ներկայությունը, երկնքից երկիր ավելի ամուր թելով ենք կապված միմյանց հետ,- պատմում է միջնեկ քույրը՝ Գոհարը։
Կրտսեր սերժանտ Մուրադխանյանը մարտի դաշտում է եղել պատերազմի առաջին օրվանից, իր ջոկի հետ պայքարել է Հադրութի դիրքերի համար։ Գրիգորը պատերազմի ընթացքում պարբերաբար զանգահարել է տուն, ասել, որ ամեն ինչ կարգին է, իր համար չանհանգստանան։ Վերջին զանգն էլ եղել է սեպտեմբերի 30-ին։
Գրիգորն անմահացել է հոկտեմբերի 1-ին արկի պայթյունից, երբ վիրավոր զինվորներին շտապօգնության մեքենա էր տեղափոխում։ Գրիգոր Վարուժանի Մուրադխանյանը Արցախի հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն մեդալով»։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Անի Մարտիրոսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: