Անմահ հերոս Սարիբեկ Մկրտչյան

Արցախյան 2-րդ պատերազմում անմահացած Սարիբեկ Հովհաննեսի Մկրտչյանը ծնվել է 2000 թ.-ի հոկտեմբերի 23-ին, Երևանում։ Սովորել է Ն. Աղբալյանի անվան համար 19 դպրոցում, հետո ընդունվել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը։ Ծրագրավորող էր ուզում դառնալ: Տան ավագ որդին էր: Իրենից փոքր 2 քույր ունի: ‹‹Քույրերին շատ էր սիրում, մանավանդ փոքրին մի ուրիշ ձև էր վերաբերվում: 14 տարի մեծ էր իրենից››,-պատմում է Սարիբեկի մայրը` Լիլիթ Ներսեսյանը:

6 տարեկանից նվագում էր ‹‹Վահագն›› դհոլահարների անսամբլում: ‹‹ Շատ աշխույժ, խելացի բարի  երեխա է եղել, շատ-շատ էր սիրում երաժշտությունը: Դրանով էր ապրում››,-որդու մասին խոսելիս նշեց մայրը: Սարիբեկը դհոլի հանդեպ սերը ժառանգել է մորեղբորից: Մայրը նշում է, որ որդին շատ էր հպարտանում իր քեռիով ու առիթը բաց չէր թողնում նրա հետ  հանդիպելու ու նվագելու համար, ապա հավելում,- ‹‹ ոչ ոքի չեմ թողնում ձեռք տա նրա դհոլին, որովհետև նրա մատնահետքերը դեռ դհոլի վրա են››:

2019-ի թվականի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Կապանի զորամասում: Կարճ ժամանակ անց արդեն կրտսեր սերժանտ էր: Չնայած պիտի ծառայեր նվագախմբում, սակայն դարձավ հրետանավոր, իսկ հետո նաև հաշվարկի հրամանատար:

Մինչև բանակ զորակոչվելը Սարիբեկը մանկության ընկերոջ` Հարութ Առաքելյանի հետ, իրենց երաժշտական ստուդիան էին բացել: ‹‹Ես երգում եմ, Սարոն նվագում էր: Ու որոշեցինք մեր երաժշտական ստուդիան բացել ու բացեցինք: Ամբողջ օրը մեր ստուդիայում, մեծ մարդու պես աշխատանքով էինք տարված: Ու բոլորը զարմանում էին, թե ոնց ենք այդ տարիքում նման գործ կատարել››,- պատմում է Հարութը:

Ընկերոջ խոսքով ամենաընկերասերն ու  ամենամարդկայինն էր Սարիբեկը։
«Մեր մանկությունը անցավ իրար հետ, իրար տուն այցելելով, միասին գործեր ձեռնարկելով: Հեշտ էր առաջ ամեն ինչ, որովհետև միասին էինք: Շատ-շատ հեռանկարներ ունեինք մեր ստուդիայի հետ կապված, ու եթե Սարոն լիներ, այլ կերպ կլիներ ամեն ինչ››,- կարոտով և ափսոսանքով նշում է ընկերը:

Սարիբեկը բազմաթիվ շնորհակալագրեր և պատվոգրեր ունի, որոնք ստացել է դհոլահարների անսամբլում նվագելու տարիներին: Ծառայության ժամանակ էլ չի դադարել իր սիրելի գործով զբաղվել: Նա ակտիվ մասնակցում էր զորամասում և Կապանի մշակույթի տանը կազմակերպվող միջոցառումներին:

Սարիբեկի ընկերներից Արմեն Զարգարյանն էլ հիշում է ընկերոջ վարակիչ ծիծաղը: Դհոլի դասերի ժամանակ ինչ-որ հասարակ  բանից, երբ սկսում էր ծիծաղել, խմբի անդամները, առանց պատճառն իմանալու, միանում էին նրան: Ու այնքան բարձր էին ծիծաղում, որ երաժշտության ձայնը նույնիսկ չէր լսվում:
‹‹Դասատուների հոգու հետ շատ էր խաղում, բայց այնքան համ ու հոտով էր անում ամեն ինչ, որ ուղղակի չէին կարողանում Սարոյի վրա ջղայնանալ››,-պատմում է Արմենը, ապա հիշում ընկերոջ հետ անցկացրած օրերից մեկը.
‹‹Մի անգամ Թաթուլ Կրպեյանի անվան այգում միջոցառման էինք: Շատ հեռու չէր ու մենք` տարազներով, դհոլները ուսներիս, քայլելով իջնում էինք: Սարոն ասաց, թե ամոթա,  տարազով մինչև այգի չենք իջնի: Կանգառում տրանսպոտը կանգնեցրեց, ժողովրդին խնդրեց, համոզեց, որ բոլորը իջնեն ու մենք մեր խմբով հասանք այգի››:

Սեպտեմբերի 7-ին Սարիբեկը գնացել էր Ջրական զորավարժությունների: 20 օր հետո սկսվեց պատերազմը: Կռվի օրերին Սարիբեկը մեկ անգամ է  խոսել ընտանիքի հետ` սեպտեմբերի 29-ին: Կռվի առաջին օրից Սարիբեկը անընդմեջ մասնակցել է Ջրականի մարտերին: Մշտապես լինելով պատերազմի ամենաթեժ կետերում՝  նրա ղեկավարած հաշվարկը ձախողել է թշնամու առաջխաղացումը ճակատի իրենց վստահված հատվածում։

Սեպտեմբերի 30-ին իրենց կրակային դիրքը փոխելու ընթացում ԱԹՍ-ի հարվածից մեքենայի 9 զինվորներից 7-ը զոհվեցին, որոնց մեջ էր նաև Սարիբեկը։

Կապանի զորամասում հունվարի 28-ին խաչքար է տեղադրվել զորամասի 28 զոհված հերոսների պատվին, որոնցից մեկն էլ Սարիբեկն էր։ Հենց այդ օրը Սարիբեկը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Լիանա Հովհաննիսյան