Անմահ հերոս Հակոբ Հովհաննիսյան

Արցախյան 2-րդ պատերազմում անմահացած Հակոբ Ջոնիկի Հովհաննիսյանը ծնվել է 1998 թվականի նոյեմբերի 17-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղում։ Հակոբը տան փոքր երեխան էր. ունի 2 քույր, 1 եղբայր։ Սովորել է Բենիամինի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, իսկ 2019 թվականին վերադարձել է հայրենիք և հունվարի 31-ին մեկնել պարտադիր ժամկետային զինծառայության Մատաղիսի N զորամասում։ Եղել է դիպուկահար։
Քույրը՝ Ալլան պատմում է, որ Հակոբը մանկուց շատ աշխուժ երեխա էր, շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ, դպրոցում լավ էր սովորում։ Վայելում էր բոլորի սերն ու հարգանքը, երբ ծառայությունից էինք հարցնում ասում էր՝ ամեն ինչ լավ է, գոհ եմ ամեն ինչից, չէր տրտնջում ոչ մի հարցում, բնավորությամբ համեստ էր, անչափ բարի ու ընկերասեր։
-Ամեն ինչ սիրում էի իր մեջ՝ թերություններով ու առավելություններով հանդերձ։ Մարտի դաշտից պարբերաբար զանգահարում էր, ասում՝ ամեն ինչ լավ է, մի մտածեք, անհանգստանալու բան չկա, ես ապահով տեղում եմ, այն ինչ եղել է ամենաթեժ կետերից մեկում։ Մարտական ընկերներից մեկը մեզ պատմեց՝ դիրքերում իրար խոսք են տվել, որ զորացրվելուց հետո հանդիպելու են Մոսկվայում։ Շատ նպատակներ ու երազանքներ ուներ, որոնք այդպես էլ անկատար մնացին։ Հակոբի ծառայության ավարտին մնացել էր 3 ամիս, ավաղ պատերազմում անմահացավ նաև Հակոբը։
Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել էր հոկտեմբերի 5-ին։ Դիպուկահար Հովհաննիսյանը անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 7-ին հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Անի Մարտիրոսյան