Անմահ հերոս Ռազմիկ Թանդիլյան

2001 թվականի հուլիսի 6-ին Լոռու մարզի Հաղպատ գյուղում է ծնվել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված  շարքային Ռազմիկ Թանդիլյանը։

Սովորել է Հաղպատի միջնակարգ դպրոցում, ավարտել 2019 թվականին ու ուսումը շարունակել Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում։

Դպրոցական տարիքում  Ռազմիկը ստեղծագործում էր, որի մասին ընտանիքի անդամներից քչերը գիտեին։ Մայրը մի անգամ պատահական գտել էր տետրը բայց չէր հասցրել կարդալ, քանի որ Ռազմիկը նկատել էր։ Ռազմիկի հորաքույրն, ով նաև եղել է նրա դասվարը, այդ մասին իմացել է, նաև կարդացել Ռազմիկի ստեղծագործությունները։ Հորաքրոջ՝ տիկին Կարինեի հետ փոքրուց շատ կապված ու մտերիմ է եղել։

«Փոքրուց շատ ամաչկոտ էր, երբեք առիթը չէր օգտագործում, որ ես դպրոցում եմ աշխատում, ինքնուրույն էր լուծում իր հարցերը, աշխույժ էր, իսկ  դպրոցն ավարտելուց արդեն շատ համարձակ էր, կազմակերպված, գիտեր իր քայլերի հաջորդականությունը»,- պատմում է հորաքույրը։

Հաղպատի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Ադամյանը հիշելով Ռազմիկի մասին, նշում է,  -«Ռազմիկը,  ինչպես  բոլորն են փաստում, կենսախինդ էր, ակտիվ, նախաձեռնող։ Դպրոցի մեծ բակ ունենք, որն իր նախաձեռնությամբ վերջին տարում մշակել էր, մաքրել. իմ կարծիքով նա  նաև շատ լավ այգեգործ էր»,- հավելում է տիկին Ադամյանը։

Ռազմիկի հարազատները ժպիտով են պատմում նրա հետ կապված ամեն ինչ, որովհետև հենց այդպիսին էր նա, կենսախինդ, կյանքով լեցուն, նպատակների անսահմանափակ պաշարով։
«Երբեմն զարմանում էինք, թե ինչպես է շփվում իրենից մեծերի հետ, նրա ընկերական շրջապատում տարիքային սահմանափակում չկար, բոլորի հետ կարողանում էր ընկերություն անել, ուր գնում էր անպայման ընկերական կապեր էր հաստատում։ Բազմաթիվ նպատակներ ուներ, բայց  առաջնայիններից մեկը հենց Արցախում ծառայելն էր»,- պատմում է ավագ եղբայրը՝ Ռաֆիկը։

Ռազմիկի բոլոր նպատակները կապված էին իր սիրելի գյուղի հետ, նույնիսկ Երևանում սովորելու ընթացքում առիթը բաց չէր թողնում վերադառնալ գյուղ, սիրում էր իր հարազատ սարերն ու ձորերը, հետագայում էլ որոշել էր ապրել գյուղում, տուն կառուցել ու իր գործը հիմնել։
«Ռազս դերասանական տաղանդ ուներ, նմանակումներ էր անում շատ տիպիկ, իր մոտ շատ լավ էր ստացվում, դպրոցում էլ միջոցառումների ժամանակ միշտ ակտիվ մասնակցում էր։ Երբեմն մտածում էի՝ ծառայության ավարտից հետո փոխեինք մասնագիտությունը, բայց  հրաժարվեց, չէր ուզում կիսատ թողնել»,-պատմում է մայրը տիկին Ալիսան։

Համալսարանում Ռազմիկը սովորեց ընդամենը մի քանի ամիս։ Ծնողների հետ համաձայնության էր եկել, որ քննությունները շուտ կհանձնի, որ շուտ մեկնի ծառայության, նույնիսկ մի քանի օր շուտ մեկնելու համար հայրը գնացել էր զինկոմիսարիատ, դիմում գրել։
2020 թվականի հունվարի 15-ին Ռազմիկը զորակոչվել է ծառայության։
«Ռազմիկը միշտ ասում էր, որ ուզում է Արցախում ծառայել ու հենց Հադրութում», – ասում է մայրը։

Ռազմիկի ցանկությունը դարձել էր իրականություն ու նա ծառայության էր անցել Հադրութում։ Մայրը նաև հավելում է, որ իմանալուն պես կասկածել են, որ ինքնակամ է դիմել, որ ծառայի հենց այդ զորամասում։

Շարքային Թանդիլյանը  ծառայությանը հեշտ էր հարմարվել, երբեք չի տրտնջացել պատմում են հարազատները, սիրով էր ծառայում, ինչպես միշտ շրջապատին շատ շուտ էր ընտելացել։ Մայրը պատմում է, որ զորամասում սպաներից մեկը  ծննդյան օրը խաչ էր նվիրել Ռազմիկին, որից շատ էր ոգևորվել։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի մեկնարկի մասին մայրը իմացել էր ռադիոյից։ Հարազատները փորձել էին կապ հաստատել Ռազմիկի հետ։ Բոլորին հանգստացնելու համարասել ասել էր, որ չի մասնակցում գործողություններին։

Պատերազմի ընթացքում Ռազմիկը պարբերաբար զանգել է հարազատներին, վերջին կապը եղել է հոկտեմբերի 7-ին։   Հարազատների հորդորներին, որ զգույշ լինի, խնայի իրեն մի անգամ Ռազմիկն ասել է, որ ինքը չի փախչելու ու ընկերներին մենակ չի թողնելու, որ ինքն այսպիսին չէ, իրեն այդպես չեն դաստիարակել։

Զրույցներից մեկի ժամանակ եղբայրը փորձել է հետաքրքրվել արդյոք Ռազմիկը թուրք տեսել է, թե ոչ,- «իհարկե, ինչքան սիրտդ ուզի, կանգնած էին, պառկացրի» պատասխանել է Ռազմիկը։

Ամբողջ գործողությունների ընթացքում Ռազմիկը բացի իրեն կցված զենքից մարտ է վարել նաև այլ զինատեսակներից, հաջողությամբ կատարել իր վրա դրված մարտական խնդիրները, մի քանի անգամ կարողացել են անձնակազմով հետ մղել հակառակորդի գրոհները պատճառելով կենդանի ուժի ու զինտեխնիկայի  կորուստներ։
Ռազմիկը զոհվել է հոկտեմբերի 9-ին արկի պայթյունից։ Ծառայակիցներն, ովքեր որոշ դրվագներ են հայտնել  ընտանիքին պատերազմի օրերից, ասել են, որ Ռազմիկն իր սաղավարտի ու մարտական այլ պարագաների վրա կռվի օրերին գրել էր  մահապարտ։ Ընկերների այն հարցին, թե ինչու՞ մահապարտ, պատասխանել է՝ երբ կռիվը վերջանա կասի։

Շարքային Ռազմիկ Կարենի Թանդիլյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

Ռազմիկը ծառայության անցնելուց առաջ իր ստեղծագործությունների տետրը բոլորից գաղտնի փոխանցել էր հորաքրոջ տղային, ցավոք նրա զոհվելուց հետո են ընտանիքի անդամները կարողացել ամբողջությամբ կարդալ Ռազմիկի ստեղծագործությունները։ Ստորև ներկայացնում ենք Ռազմիկի աշխատանքներից մեկը։

<<Ահա և վերջ>>

Դասեր, հոգսեր ու խնդիրներ…

Ահա բոլոր մարդկանց կյանքը:

Երջանկություն, կյանք ու սեր…

Ահա կյանքի իմաստը:

Ապրել հանդարտ, մաքուր կյանքով,

Ապրել կյանքդ հենց ա՞յս մտքով:

Ապրել այսպես դու կփորձես,

Փորձել կարաս, բայց ոչ ապրել:

Փորձիր սիրել մաքուր սիրով,

Քեզ չեն սիրի նույնիսկ մտքով,

Այլ կատեն քեզ ամբողջ սրտով,

Կանեն այնպես, որ դու զգաս՝

Ահա և վերջ, էլ դու չկաս։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան