Անմահ հերոս Սամվել Գևորգյան

Սամվել Վարդանի Գևորգյանը ծնվել է 1999թ-ի ապրիլի 27-ին Արարատի մարզի Գինեվետ գյուղում։ 2005-2006թթ ընդունվել է Նոր ուզի գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև 5 տարի սովորելուց հետո ուսումը շարունակել է ՌԴ-ում։

Շախմատ է պարապել, բազում հաղթանակներ, մեդալներ ու պատվոգրեր է ունեցել։ Նրա ընտանիքը ապրել է Մոսկվայում, սակայն Սամվելը որոշել է վերադառնալ Հայաստան՝ իր պարտքը տալու հայրենիքին։ 2019թ-ի հունվարի 10-ին զորակոչվել է բանակ ու ծառայության անցել Մատաղիսի զորամասում։
-Տղաս շատ պարզ ու ժպտերես էր։ Աչքի էր ընկնում իր խելամիտ մտածելակերպով ու քայլերով, ինչպես ինքն էր ասում՝ շախմատիստի քայլեր են։ Ռուսաստանում արժանացել էր «спортмастер» կոչմանը։ Դպրոցում լավ էր սովորում, բոլորը գոհ էին իրենից։ Ցանկանում էր անպայման իր պարտքը տալ հայրենիքին, այդպես էլ արեց ու շատ գոհ էր ծառայությունից,- ասում է Սամվելի մայրը՝ Հասմիկ Գևորգյանը։
Սամվելը որոշել էր, որ ծառայությունից հետո պետք է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում սովորի և ՌԴ-ում բիզնես հիմնի։
«Սամվելս մանկությունից շատ ճշմարտախոս ու ազդվող է եղել։ Մի օր՝ ուշ տուն գալու համար հայրը վրան բարկացել էր, Սամվելս նեղացել էր ու այդ օրը դրսում գիշերել, իսկ երբ առավոտյան իմացավ, որ ամբողջ գիշեր ես չեմ քնել, մի մեծ ծաղկեփունջ վերցրած եկավ ու ներողություն խնդրեց, որ իր պատճառով չեմ քնել»,- պատմում է Հասմիկը։

Սամվելի ընկերը՝ Արա Ստեփանյանը, պատմում է, որ Սամվելի հետ կապված բարի ու լավ հիշողություններ ունի։
Որպես ծառայակից ընկեր՝ կասեմ, որ լավ ընկեր ու լավ մարդ էր։ Ամեն պահի պատրաստ էր իր կյանքը տալ ընկերների համար և այդպես էլ եղավ՝ ցավոք։ Նվիրված էր շատ։ Բոլորիս կողմից սիրված ու հարգված։ Շատ եմ փորձել իրեն նմանվել, լինել իր նման մեծահոգի ու մեծատառով մարդ։ Հիշում եմ, երբ արձակման թերթիկ էինք ստացել, գնացինք խանութ, մեզ համար քաղցրավենիք գնեցինք, գնացինք եկեղեցի մոմ վառեցինք ու աղոթեցինք։ Մեր զորամասի դիմաց լույսերով մեծ խաչ կար, գնացինք խաչի տակ նստեցինք ու որոշեցինք, թե ինչ պետք է անենք զորացրվելուց հետո»։
Ընտանիքի անդամները վերջին անգամ Սամվելի հետ խոսել են հոկտեմբերի 6-ին։ Սամվելը կռվել է առաջնագծում՝ ամենաթեժ մարտերի ժամանակ։ Պատմում են, թե որքան վիրավորներ է կռվի դաշտից դուրս հանել։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, Սամվելն անմահացել է անօդաչուի հարվածից։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Զառա Թեյմուրազյան

 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ