Անմահ Հերոս Մխիթար Կորյունի Գրիգորյան

Մխիթարը կամ ինչպես ընկերները նրան կոչում են՝ Մխոն, 2020-ի ամառվանից էր ծառայության անցել։ Ընտանիքով հայրենիք վերադարձել էին հենց իր հորդորներով, ուզում էր հայրենիքի նկատմամբ պարտքը կատարել։
Հայրենիքի նկատմամբ ծառայությունը միայն բանակում չէր, Մխիթարը 9 տարեկանից «Մարտեր առանց կանոններ» էր պարապում, մի շարք մրցումների դափնեկիր էր, ցանկանում էր աշխարհահռչակ չեմպիոն դառնալ։

Հորեղբայրը՝ Ալբերտ Զաքարյանը, պատմում է, որ Մխիթարը, ընտանիքի անդամներից թաքուն, առավոտյան ժամը 4-5-ին արթնանում էր և գնում աշխատանքի։ Ասում է՝ Մխիթարը չէր սիրում նեղություն տալ հարազատներին, փոխարենը ցանկանում էր սեփական գումարով նվերներ անել։
Պատմում են նաև, որ շատ ընկերասեր էր։ Մխիթարի հայացքը առաջին պահից էլ հարազատ է թվացել Գոռին՝ Մխիթարի մարտական ընկերոջը, ըստ Սերժանտ Գոռ Բաբայանի շատ ընդհանուր բաներ ունեին՝ համառ էին, սիրում էին սպորտը:

Բանակում էլ Մխիթարը շարունակում էր մարզումները։ Գոռը պատմում է՝ շուտ չէր կարողանում արթնանալ, իսկ Մխիթարը ժամը 5-ից արթուն էր։

-Հենց Մխոն տեսնում էր մեկի հետ բարձր ձայնով խոսում եմ, վազելով գալիս էր, կողքս կանգնում, լինում էր դեպքեր, որ վաշտի սպաներից նկատողություն էին անում, վաշտի հետ խոսում էի, մի քիչ ջղայնանում էի, Մխոս շարքից դուրս էր գալի, թուշս պաչում ու կատակի էր վերածվում, թույլ տեղս գտել էր արդեն,- պատմում է Գոռը, հավելելով, որ Մխիթարը կարծես կյանք տեսած լիներ և իրեն շատ մեծի պես էր պահում, գուցե կռվեին, բայց հինգ րոպեից ավել իրարից խռով չէին մնում։

Երբ պատերազմը սկսեց՝ Մխիթարը ընդամենը երեք ամսվա ծառայող էր, հոսպիտալում էր, բայց փախել էր ու մեկնել դիրքեր։
Գոռը պատմում է, որ պատերազմի ընթացքում նույնպես միասին էին.
– Գիշերները դուրս էինք գալիս, պտտվում վաշտի տղերքի մոտով, խոսում բոլորի հետ, դուխ տալիս, Մխոն հենց տենում էր` մեկը գլուխը բարձրացրել է, գոռում էր, ու այդ գոռալը շատ տղեքի կյանք է փրկել։
Միասին շատ դժվարություններ են տեսել, կիսել են ունեցած հացն ու ջուրը ու միմյանց ասել՝ կողքիցս տեղ չգնաս։ Միասին անտառում էին, երբ նկատել են դիրքավորված թուրքերին, որոնք 15 րոպե կրակ են բացել իրենց վրա։

– Մինչև հիմա իմ համար հանելուկ է դարձել՝ իմ կողքից ոնց գնաց, որ չտեսա, ո՞ւր գնաց, ինչի՞ գնաց։ Ես մինչև նրա աճյունը գտնելը հավատում էի, որ Մխոս շատ ուժեղ տղայա, հաստատ գալու է,- պատմում է Գոռը։

Պատմում են, երբ տուն էր զանգում երբեք հուսալքված չէր խոսում։ Քույրը՝ Մարգարիտան, պատմում է, որ Մխիթարը վիրավորվել է հոկտեմբերի 6-ին, բայց շարունակել է օգնել ընկերներին, պատմում է նաև, որ Հադրութի Վանք գյուղի ձորից 25 հոգու կյանք է փրկել։ Ինքը շարունակում էր մնալ ռազմաճակատում՝ ասելով բա մյուս տղերքը։ Տղերքին օգնելիս էլ Մխիթարն անմահացել է։

Հորեղբոր՝ Ալբերտի խոսքով մի զոհված զինծառայողի մայր էլ զանգել ու հարցնում էր՝ ինչպե՞ս կարող է տեսնել Մխիթարի հարազատներին, գալ տուն, հարցին, թե ով է, պատասխանել է. «Ձեր տղան իմ տղայի կյանքն է փրկել, իմ վիրավոր տղային հանել է շրջափակումից»։

Բայց նրան էլ չեն կարողացել փրկել։
Մխիթարը հաճախ էր հորն ասում՝ թե ոնց է տղադ ծառայում, դեռ հետո կլսես, այժմ տղայի հերոսությունների մասին շատ բաներ են պատմում, բայց, ավաղ, հետմահու։

Մխիթար Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Սիմոն Հովհաննիսյան