Անմահ հերոս Տիգրան Սահակյան

Տիգրան Գրիգորի Սահակյանը ծնվել է 2002թ-ի հունվարի 26-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում։ 2007թ-ին հաճախել է Վարդանաշենի միջնակարգ դպրոցը: 2019թ-ին ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի Կոմիտասի  անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության նախապատրաստում բաժինը։

Ծառայության է անցել 2020թ-ի օգոստոսի 13-ին։ Մինչև սեպտեմբերի 3-ը եղել է Մարտակերտում, ապա տեղափոխել Մատաղիս։

«Տիգրանը փակ անձնավորություն էր, ամեն ինչ չէ, որ ասում էր, կարելի է ասել՝ իր մեջ էր պահում։ Մարդկային բարձր արժեքներով օժտված՝ ազնվություն, հարգանք՝ մեծի, փոքրի նկատմամբ, սեր՝ հայրենիքի նկատմամբ, իր ազգության նկատմամբ։ Չափից շատ հավասարակշռված, զուսպ, համեստ, ամուր բնավորությամբ, բայց միաժամանակ նաև ամաչկոտ էր։ Հետաքրքրություն ուներ ամեն ինչի նկատմամբ՝ սկսած իրեն շրջապատող բնությունից մինչև արվեստ։ Շատ էր սիրում երգել, հատկապես ժողովրդական և ազգագրական երգեր։
Իր կյանքը միայն հայրենիքում էր պատկերացնում, իր ապագան արվեստում՝ երգի մեջ։  Եղբայրս առանձնահատուկ վերաբերմունք ուներ համազգեստի նկատմամբ. միշտ համազգեստով էր այցելում Եռաբլուր»,- պատմում է Նազենին՝ Տիգրանի քույրը։

Տիգրանը ցանկություն ուներ մեծ տուն կառուցել Արարատի դիմաց՝ բնակավայրից դուրս, մեծ այգի հիմնել։
«Հիշում եմ մի դեպք, երբ ես և Տիգրանը գնացել էինք Հարութ Փամբուկչյանի համերգին՝ Հրազդան մարզադաշտում, արդեն վերջանում էր համերգը, հավաքվածները դանդաղ դուրս էին գալիս։ Մենք էլ դուրս եկանք,  արդեն գնում էինք դեպի մուտքը,  հանկարծ Հարութ Փամբուկչյանը սկսեց կատարել Տիգրանի ամենասիրելի երգերից մեկը՝ «Սառը ջուրը», ու Տիգրանս թեքվեց հետ գնաց, կամաց-կամաց աստիճաններով երգելով իջավ դեպի բեմի մոտ, իսկ ես հետևից նկարում էի իրեն։ Այդ օրը ամենավերջին հանդիսատեսն ենք եղել, որ գնացել ենք մարազադաշտից»,- հիշում է Նազենին։

Տիգրանի ընկերները պատմում են, որ իրենց ընկերոջից շատ բաներ են սովորել։

«Բանակ գնալու ժամանակվանից իրար տեսել ենք, մակերեսային շփվել, բայց դեռ ընկերություն չէինք սկսել անել։ Տեղափոխվեցինք Մատաղիս՝ նույն դասակ ու սկսվեց ընկերությունը։ Շատ բարի, ընկերասեր, անկեղծ մարդ է, քչերին է վստահում, լուրջ, հավասարակշռված, հայրենասեր է։ Ինձ համար իդեալական մարդ, ընկեր է՝ հասնող, օգնող, իրար շատ ենք օգնել, լավ խորհրդատու, (իր մասին ներկայով եմ խոսում, որովհետև ինձ համար շարունակում է ողջ մնալ Տիկոս)։
Տիկոս շատ լավ երգում էր բանակում, ուզում էր շարունակել։ Իրենց գյուղը, հողերը, շատ-շատ էր սիրում, պատմում էր, թե ոնց էր աշխատում հողում։ Գյուղատնտեսության հետ էլ նպատակներ կային։ Ապագան միշտ Հայաստանում՝ իրենց գյուղում էր տեսնում»,- պատմում է Տիգրանի ընկերը՝ Լևոն Կոսյանը։

Ընկերներից մեկը՝ Հայկ Մանուկյանը, ասում է, որ շատ նման էին, երևի դրա համար էլ ընկերներ էին։
«Հավասարակշռված էր, իր հետ ընկեր դառնալը բարդ էր, բոլորին ժպտացող չէր։ Շատ բարի էր։ Բոլորը սիրել են իրեն։ Շատ մաքրասեր էր, իրեն բոլոր ճանաչողները միշտ դա հիշում են։ Իրենից ոչինչ չեմ սովորել, քանի որ մենք շատ էինք իրար նման, երևի դրա համար էլ իմ ընկերն էր։ Շատ հայրենասեր էր։ Տիգրանի ամենասիրելի հերոսը Մոնթեն էր։ Բանակում իրեն «Մոնթե» էին ասում։ Աշխարհով մեկ էր լինում դրանից։ Իր ամեն երկրորդ երգած երգը կա՛մ բանակին էր նվիրված, կա՛մ հայրենիքին»։

Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրվանից Տիգրանը եղել է մարտական գործողությունների կիզակետում։ Կռվել է Մատաղիսի ու Թալիշի սահմանային հատվածներում. իրենց կազմով կատարել են մի շարք կարևոր մարտական առաջադրանքներ։
Քույրը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել  հոկտեմբերի 3-ի վաղը առավոտյան։  Հայտնվելով շրջափակման մեջ՝ մի կերպ  կարողացել են դուրս գալ, հետո հայտնվել են հրետակոծության տակ և ունեցել 3 զոհ, որոնցից մեկը Տիգրանն էր։

Ընտանիքի անդամները Տիգրանի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 2-ի գիշերը՝ ժամը 22:30 սահմաններում։ Մի քանի օր չի զանգահարել, մտածել են, որ կապն է վնասված։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան զանգահարել են ՊՆ-ի թեժ գիծ և իմացել, որ զոհվածների ցուցակում է։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Զառա Թեյմուրազյան