Ադրբեջանի կողմից կիրառվող զենքերը մարդկայնության արժեքներից դուրս են. Արմեն Մուրադյան

«Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ այն ժամանակ, երբ աշխարհը պայքարում է Քովիդի դեմ»,-այս մասին Արցախի տեղեկատվական շտաբից ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով բժիշկն ամենահումանիտար մասնագիտության կրողն է և ամբողջ աշխարհի բժիշկներն այսօր պարտավոր են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ու «ստոպ» ասել ագրեսորին. «Տեսնելով տուժածների վնասվածքները՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանի կողմից կիրառվող զենքերը մարդկայնության արժեքներից դուրս են»:
Մուրադյանի խոսքով ՀՀ և ԱՀ առողջապահության համակարգերի և մեր ու արտերկրից ժամանած բժիշկների շնորհիվ այս պահին կարող ենք լայնածավալ ու արհեստավարժ բուժօգնություն ցուցաբերել մեր բնակչությանը:
Բեկորային վնասվածքները մեծ կշիռ ունեն ընդհանուր վիրավորումների մեջ. «Դա վկայում է թշնամու կողմից անկանոն ու չտարբերակված թիրախավորումների մասին»:
Ռեկտորը նաև նշել է, որ ծավալվող իրադարձությունները հաստատ նոր բժշկական կադրերի և դեղորայքի կարիք են հարուցելու. «Պայթյունները կարող են ձևավորել ոչ միայն ֆիզիկական, այլև մենտալ (մտավոր – խմբ.) խնդիրներ: Մեր բժշկական հաստատությունները, մեր մանկաբույժները կանեն անհնարինը, որ երեխաները այս սարսափը մոռանան ինչպե ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն: Հետևանքները կմոռանան, բայց որ դա եղել է, երբեք»:

Իննա Թումանյան